Հայաստանյան ներքաղաքական վիճակը դժվար թե դրականորեն ազդի բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. Կազիմիրով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանյան ներքաղաքական վիճակը դժվար թե դրականորեն ազդի բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. Կազիմիրով

2018-08-07 14:43 , Политика, 1245

Հայաստանյան ներքաղաքական վիճակը դժվար թե դրականորեն ազդի բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա. Կազիմիրով

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,-այդ մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Независимая газета»-ում հրապարակված հոդվածում։

«Ապրել անցյալով, թե՞ ապագայով» վերնագրով իր հոդվածում Վլադիմիր Կազիմիրովը կարծիք է հայտնում, որ մինչև վերջերս քիչ, թե շատ պարզ էր բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշումը, որը, ըստ ռուս դիվանագետի, ընթանում էր փոխզիջումների որոնումով․ «Դա համապատասխանում էր այն փաստաթղթին, որի հիման վրա էլ կնքվեց հրադադարի համաձայնագիրը»։

Վլադիմիր Կազիմիրովը միաժամանակ նկատում է՝ Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունները ներառեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը։ Դա, Կազիմիրովի դիտարկմամբ, համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: Նա հիշեցնում է, որ Ղարաբաղի հարցով 1994 և 1995 թվականների երկու համաձայնագրերը նույնպես ստորագրվել են հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից:

Այդուամենայնիվ, Կազիմիրովն իր հոդվածում արձանագրում է, որ վերջին շրջանում Հայաստանում ներքին իրավիճակը կրկին բարդանում է, բախումներ են առաջացել երկրի ակնառու առաջնորդների միջև։ «Դժվար թե առաջացած տարաձայնությունները դրականորեն ազդեն Բաքվի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքերի վրա»,-կարծիք է հայտնում ռուս դիվանագետը, ով պատահական չի համարում Հայաստանին հանդիպումների և բանակցությունների տապալման մեջ Բաքվից արդեն հնչող մեղադրանքները։

«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միավորում: Անհարմար է դրսից ինչ-որ բան առաջարկել, առավել ևս, նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:

Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն ԼՂ ճակատագրի մասին, այլ ոչ թե իրենց դիրքերի»,- եզրափակում է իր հոդվածը Վլադիմիր Կազիմիրովը:

Ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը 1992-96 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական միջնորդ առաքելության ղեկավարն ու Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցն ու համանախագահը Ռուսաստանի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть