Աննա Հակոբյանի հիմնադրամը կֆինանսավորի Սերժ Սարգսյանի հիմնադրամից մերժում ստացած 18 ուսանողի - RadioVan.fm

Онлайн

Աննա Հակոբյանի հիմնադրամը կֆինանսավորի Սերժ Սարգսյանի հիմնադրամից մերժում ստացած 18 ուսանողի

2018-08-07 16:14 , Общество, 1698

Աննա Հակոբյանի հիմնադրամը կֆինանսավորի Սերժ Սարգսյանի հիմնադրամից մերժում ստացած 18 ուսանողի

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի արտասահմանյան լավագույն բուհերում սովորող 22 ուսանողի։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտնել է Աննա Հակոբյանը՝ նրանցից 18-ը «Լույս» հիմնադրամից մերժում ստացած երիտասարդներն են։

««Իմ քայլը» հիմնադրամը փորձեց ամեն ինչ անել «Լույս» հիմնադրամի հույսով տարբեր առաջատար համալսարաններ ընդունված դիմորդների հետ կապված, ովքեր հիմնադրամի գործունեության դադարի պատճառով մնացել էին, այսպես ասած, օդում կախված և չգիտեին ինչպես վարվել: Մենք մոտ երկու-երեք շաբաթ առաջ բաց նամակ ստացանք՝ ուղղված «Իմ քայլը» հիմնադրամին, որպեսզի կարողանանք ապահովել նրանց կրթաթոշակները: Բայց քանի որ գիտեք «Իմ քայլը» հիմնադրամը դեռ ձևավորման փուլում է, մենք դիմեցինք մեր հայտարարած գործունեության մյուս տեսակին, այսինքն կամուրջ դարձանք և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում «Լույս»-ից 18 հոգու կարողացանք ապահովել իրենց պակասող կրթաթոշակով»,-պատմել է տիկին Հակոբյանը՝ մանրամասնելով, որ 220 հազար դոլար տրամադրել է «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամը, 200 հազար դոլար՝ ՀԲԸՄ-ն, 70 հազար դոլար կանադահայ գործարարն է տրամադրել, անանուն բարերարներ ևս եղել են։ Ընդհանուր առմամբ՝ ներդրումը կազմել է 517 հազար դոլար։

Աննա Հակոբյանը միաժամանակ խնդրել է այդ հարցով այլևս չդիմել իրենց, քանի որ «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող այս ճանապարհով բոլորի կրթաթոշակների հարցին լուծում տալ, իսկ նշյալը արտառոց դեպք է եղել և իրենք հրատապ լուծում են գտել։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանի գրասենյակը նամակ էր հղել «ՖԱՍՏ» հիմնադրամի հիմնադիրներին՝ տեղեկացնելով, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին։ 2009 թվականին Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հիմնադրված «Լույս»-ը կրթաթոշակ էր տրամադրում աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ երիտասարդներին։

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ «Լույս»-ի գործունեության դադարեցման որոշումը ինչ-որ առումով ստիպված քայլ է եղել, քանի որ, ըստ նրա, դժվար է պատկերացնել, որ այդ հիմնադրամի կառավարիչները կարողանային արագ հարմարվել և նոր իրողություններում (ՀՀ-ում իշխանափոխությունը-խմբ․) գտնել լուծումներ՝ մեծ գումարների առումով։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվել է հուլիսի 12-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть