Վերին Լարսում կուտակումներից խուսափելու համար պետք է տրվեն ինժեներական լուծումներ - RadioVan.fm

Онлайн

Վերին Լարսում կուտակումներից խուսափելու համար պետք է տրվեն ինժեներական լուծումներ

2018-08-07 17:41 , Общество, 1190

Վերին Լարսում կուտակումներից խուսափելու համար պետք է տրվեն ինժեներական լուծումներ

Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները քննարկվել են Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում, որին ներկա են եղել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը և ռուս գործընկերներ։

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:

Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

Նրանք տեղեկացրել են, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն: Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝ հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը: Նրանց համոզմամբ՝ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:

Հայաստանի իշխանությունները, օգտագործելով երկու երկրների միջև գործող հարաբերությունները, կփորձեն պարզել, թե ռուս գործընկերները ինչ հեռանկարանային լուծումներն են նախատեսում իրականացնել:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը Լարսում կիլոմետրերով ձգվող հերթի պատճառով քաղաքացիներին հորդորեց խուսափել Հայաստան գալ Լարսով։

Лента

Рекомендуем посмотреть