Ադրբեջանի կողմից հետախուզվող արմատներով հայ բլոգերը պատմում է «Ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին» - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի կողմից հետախուզվող արմատներով հայ բլոգերը պատմում է «Ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին»

2018-08-08 18:06 , Общество, 1821

Ադրբեջանի կողմից հետախուզվող արմատներով հայ բլոգերը պատմում է «Ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին»

Վերջերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադ Մագան՝ Վլադիսլավ Մովսեսովը, իր յութուբյան ալիքում հրապարակել է «Ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին. կոնֆլիկտի պատմությունը» («Вся правда об Азербайджане. История конфликта») վերնագրով Ադրբեջանի մասին ֆիլմը:

«YouTube»-ում տեսանյութին ուղեկցող տեքստում բլոգերը գրել է, որ խոստացել էր ասել ճշմարտությունը, ահա և ասում է:

«Հնարավոր է, այս տեսահոլովակի պատճառով էլ ավելի շատ խնդիրներ ունենամ, չնայած, Ամերիկա չեմ հայտնագործում: Ինչպես հասկացաք՝ այժմ ապրում եմ Երևանում: Տեսահոլովակի անվանումը՝ ճշմարտությունն Ադրբեջանի մասին, չի փոխանցի այն ամենը, ինչ տեղի է ունենում, սակայն ես փորձեցի գոնե մասամբ փոխանցել դա»,-գրել է Վլադիսլավ Մովսեսովը՝ խորհուրդ տալով կարդալ տողերի արանքում:

Նա միաժամանակ նշել է, որ դա կոնֆլիկտի և ադրբեջանցիների մոտ իր անձնական ուղևորության պատմությունն է, ավելի ճիշտ՝ այդ ուղևորության հետևանքները:

«Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են Վլադ Մովսեսովին՝ Ադրբեջան այցելելու «հանդգնություն ունենալու» և իր ծնողների տունը գտնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով Վլադիսլավ Մովսեսովի ֆիլմին։

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն ընդհանրապես իրենց երկիր չեն թողնում ցանկացած երկրի անձնագիր ունեցող հայազգի քաղաքացիների: Ինչո՞ւ: Սա մաքուր ռասիզմ է: Նրա ընտանիքը ծագումով Գյանջայից է (Կիրովաբադ) և փախել է այնտեղից Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: Այս այցելության համար նրան որոշել են ուղղակի սպանել»,- գրել է Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով, հիշեցնենք, Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտվել, սակայն ավելի ուշ ազատություն էր ստացել՝ շուրջ ինը ամիս անցկացնելով Բաքվի բանտում:

Լապշինը համոզմունք է հայտնում, որ երիտասարդին հաջողվել է այնտեղից փախչել Հայաստան ճիշտ ժամանակին, քանի որ Բաքվի հետապնդումներին միացել էին բելառուսի ԿԳԲ-ականները, որոնք սնվում են կասպյան նավթային դրամարկղից:

«Մի խոսքով, ահա նրա ֆիլմը: Պարզապես շոկ է»,-եզրափակել է Լապշինը:

Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մովսեսովն իր յութուբյան ալիքում հրապարակած տեսաուղերձով հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:

Օրեր անց նա ժամանեց Հայաստան։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть