Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված զենքերը 2008թ մարտի 1, 2-ին օգտագործվել են իրավապահ համակարգում չաշխատող մարդկանց կողմից. ԱԱԾ պետ - RadioVan.fm

Онлайн

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված զենքերը 2008թ մարտի 1, 2-ին օգտագործվել են իրավապահ համակարգում չաշխատող մարդկանց կողմից. ԱԱԾ պետ

2018-08-09 14:25 , Право, 1888

Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված զենքերը 2008թ մարտի 1, 2-ին օգտագործվել են իրավապահ համակարգում չաշխատող մարդկանց կողմից. ԱԱԾ պետ

«Մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք նախնական օպերատիվ տեղեկությունների համաձայն, հնարավոր է, օգտագործվել են 2008թ մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ: Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,-այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում ԱԱԾ խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերքի հայտնաբերմանը։

Նշենք, որ երեկ երեկոյան ԱԱԾ-ն տեղեկատվություն տարածեց այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Հաղորդվեց, որ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ինգործադրված լինելու հանգամանքը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть