Այսօր առավոտից Արտաշատում տեղի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել Արտաշատի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մասնաճյուղի դիմաց: Հավաքվածները բարձրաձայնել են, որ նախորդ տարվանից Արտաշատում իրենց հարկային տեռորի են ենթարկում:
«Վեց ամիս է՝ խանութ եմ բացել, սակայն դեռ որևէ օգուտ չունեմ, հարկերը ժամանակին վճարում եմ, բայց գալիս ու մի պատրվակ գտնում, խոշոր չափի տուգանք գրում` գնում են»,-դժգոհել է խանութներից մեկի սեփականատերը: Հավաքվածներից մեկի պնդմամբ էլ՝ «խանութներում ապրանք չկա, 300 հազարի ապրանք է, բայց հարկայինից գալիս 500-600 հազարի ակտ են գրում»։
«Խնդիրն այն է, որ Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը (Ռաշիդ Մախմուդյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է-խմբ․) տեռորի է ենթարկում մեզ, ու ամբողջ մարզը։ Տեռորի է ենթարկել բառի բուն իմաստով։ Անկախ նրանից՝ ինչ խանութ է՝ փոքր, միջին, թե մեծ, 13-14 հոգով մտնում են ստուգումների։ Մտնում են, տեսնում են խանութում պապիրոս չկա, փող չունի, որ առնի, ինքը 500-600 հազարի ակտ են գրում»,- խնդիրը բողոքի ակցիայի վայր մեկնած Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին է ներկայացրելառևտրականներից մեկը։
ՊԵԿ նախագահը բողոքավորներին հորդորելով վերադառնալ իրենց աշխատանքին՝ աշխատել օրենքի շրջանակներում, քաղաքացիներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, վստահեցրել է, որ խնդրի առնչությամբ ծառայողական քննություն կնշանակի:
«Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու թե´ ձեր նշած անձի, թե´ տեսչության պետի և, ընդհանրապես, տեսչության գործողությունների վերաբերյալ»,-հավաքվածներին ասել է Դավիթ Անանյանը։