Վայոց ձորում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել. այրվել է 230 հա տարածք, 14 էլ.սյուն - RadioVan.fm

Онлайн

Վայոց ձորում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել. այրվել է 230 հա տարածք, 14 էլ.սյուն  

2017-08-11 14:50 , Общество, 1059

Վայոց ձորում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել. այրվել է 230 հա տարածք, 14 էլ.սյուն

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են ջրամբարի պաշարները և օժանդակում է մասնավոր ընկերությունը՝ արձանագրում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ տեղեկացնելով, որ նախօրեին, ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։ Լրացուցիչ օգնություն է պահանջվել և դեպքի վայր է մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով և 3 մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնել են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։

ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ:

Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ (մոտ 100 հոգի):

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:

«Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվում է 14 էլ. սյուն, ինչի հետևանքով հոսանքազրվել է Արտավան գյուղը»,-նշվում է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:










Лента

Рекомендуем посмотреть