Երախտագիտության մեդալ Փաշինյանից՝ Ջորկաեֆին - RadioVan.fm

Онлайн

Երախտագիտության մեդալ Փաշինյանից՝ Ջորկաեֆին

2018-09-14 14:10 , Общество, 1374

Երախտագիտության մեդալ Փաշինյանից՝ Ջորկաեֆին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ:

«Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք՝ վարչապետը այս տարվա հուլիսին հյուրընկալելով Յուրի Ջորկաեֆին՝ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը «ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել երեկ: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:

«Ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի»,-ընդգծել է Փաշինյանը:

Այսօր, Երևանի ժամանակով ժամը 15-ի սահմաններում Ելիսեյան պալատում նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Лента

Рекомендуем посмотреть