Ազգային արխիվում տարեկան 250'000 էջ է թվայնացվում․ նախագահը կարևորել է անցյալի իմացությունը - RadioVan.fm

Онлайн

Ազգային արխիվում տարեկան 250'000 էջ է թվայնացվում․ նախագահը կարևորել է անցյալի իմացությունը

2018-09-18 16:34 , Общество, 1125

Ազգային արխիվում տարեկան 250'000 էջ է թվայնացվում․ նախագահը կարևորել է անցյալի իմացությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետև փաստաթղթերի վերականգնման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:

Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներն սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250000 էջ թղթե և 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաստաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ և եզակի փաստաթղթերը:

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830-1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ ընթերցասրահ, զրուցել գիտական հետազոտություններ կա­տարող ընթերցողների հետ, եղել է հին եւ նոր պահոցներում:

«Յուրաքանչյուր փաստաթղթի ետևում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաև մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, և եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք: Պատմությունը և արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձևով, այլ էապես: Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է նախագահ Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть