Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Փաշինյանը առաջիկայում բանակցություններ կհրավիրի - RadioVan.fm

Онлайн

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Փաշինյանը առաջիկայում բանակցություններ կհրավիրի

2018-09-24 14:04 , Политика, 1179

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Փաշինյանը առաջիկայում բանակցություններ կհրավիրի

Սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել․ նախօրեին Նյու Յորքում ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, որոնց նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ընտրողների ձայների 81 տոկոսը:

«ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, և ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որևէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,-վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր այլևս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ: Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, և այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, և մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարևոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից: Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետև հետհեղափոխական շրջանի ամենակարևոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», - ընդգծել է վարչապետը:

Հանդիպման և ելույթի մասնրամասները՝ տեսանյությում․

Лента

Рекомендуем посмотреть