Մտքերի գագաթնաժողով` Ֆրանսիայում․ ՀՀ նախագահը եղել է գլխավոր բանախոսը - RadioVan.fm

Онлайн

Մտքերի գագաթնաժողով` Ֆրանսիայում․ ՀՀ նախագահը եղել է գլխավոր բանախոսը

2018-09-24 17:31 , Политика, 1386

Մտքերի գագաթնաժողով` Ֆրանսիայում․ ՀՀ նախագահը եղել է գլխավոր բանախոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման եւ դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։

Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ խոսել են այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանը եւ անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:

Գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների եւ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։ Սարգսյանի առաջ քաշած գաղափարները, նշում են նախագահականից, ջերմորեն են ընդունվել մասնակիցների կողմից։

Միաժամանակ տեղեկանում ենք, որ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահը սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի ( այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet եւ Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint եւ Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաեւ երկու հեղինակավոր պարբերականների՝ բրիտանական The Financial Times եւ ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ:

Лента

Рекомендуем посмотреть