Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ընդունվել է հռչակագիր - RadioVan.fm

Онлайн

Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ընդունվել է հռչակագիր

2018-10-12 20:53 , Политика, 1984

Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. ընդունվել է հռչակագիր

Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը»-տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

Նշենք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում միջոցառումները մեկնարկել էին հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 11-12-ին նախանշված գագաթնաժողովով պայմանավորված Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել 24 երկրի ղեկավարներ, ՖՄԿ պատվիրակություններ, ընդհանուր առմամբ՝ 3500 մարդ։

«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» խորագրով գագաթնաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանման համար գրանցվել էր 488 լրագրող, այդ թվում` 143 տեղական։ ՖՄԿ–ի 17–րդ գագաթնաժողովի տարբերանշանը նուռն էր` հյուրընկալ երկրի` Հայաստանի խորհրդանիշերից մեկը։ Երեկ, ի թիվս բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք ելույթների, Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գագաթաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Օրվա կուլմինացիան Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգն էր, որում ելույթ ունեցան աշխարհահռչակ երգիչներ, համերգի եզրափակիչ հատվածը նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Հայաստանի մայրաքաղաքում համախմբված ֆրանկոֆոն համայնքի ներկայացուցիչներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից պետական ընթրիք է տրվել, որի ընթացքում, ի դեպ, մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրերը պարել են հայկական երաժշտության ներքո։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Հայաստանը ՖՄԿ–ում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել 2003 թ.–ին Բուրկինա Ֆասոյում, իսկ 2008 թ.–ին Քվեբեկում կայացած գագաթնաժողովի ժամանակ մեր երկիրը դարձել է ՖՄԿ–ի ասոցացված անդամ։ 2012 թ.–ին Կինշասայում կայացած ֆրանսալեզու երկրների գագաթնաժողովում Հայաստանը ստացավ կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակը` դառնալով ՖՄԿ մուտք գործած 54–րդ երկիրը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть