Հայկական գինին և կոնյակը տպավորել են Էմանուել և Բրիժիտ Մակրոններին - RadioVan.fm

Онлайн

Հայկական գինին և կոնյակը տպավորել են Էմանուել և Բրիժիտ Մակրոններին

2018-10-18 14:06 , Политика, 1262

Հայկական գինին և կոնյակը տպավորել են Էմանուել և Բրիժիտ Մակրոններին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ժամանակ Հայաստան այցելած հյուրերին առանձնապես տպավորել է հայկական գինին ու կոնյակը: Այդ մասին այսօր կառավարության նիստում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա առանձնապես ուշադրության է արժանացրել հանգամանքը, որ գագաթաժողովին ներկա են եղել գինեգործության համաշխարհային լիդերներ հանդիսացող երկրների ղեկավարներ, որպիսիք են Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը, ովքեր հարկ են համարել արտահայտվել հայկական գինու և կոնյակի որակի մասին:

«Մեր գինիներն ու կոնյակը շատ լավ տպավորություն են թողել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել մի որոշակի միջազգային ստանդարտի: Մենք պետք է քաջալերենք մեր գինեգործներին ու կոնյակագործներին նոր շուկաներ մտնելու և արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ արձանագրելով, որ գինեգործությունն ու կոնյակագործությունը թեև հեռանկարային ոլորտ է, բայց կան շատ խնդիրներ։ Մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, հայկական կոնյակ անվան տակ արտադրվում են խմիչքներ, որոնք այդ անվան հետ կապ չունեն: Շատ անբարեխիղճ արտադրողներ ներկրում են կոնյակի սպիրտ և վաճառում այն «հայկական կոնյակ» անվան տակ` վնասելով բրենդի հեղինակությանը: Ուստի, նրա խոսքով, ոլորտում պետք է մեծացնել վերահսկողությունը:

Նկատենք, որ 2017 թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի ու Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 237-րդ հոդվածի անցումային դրույթի համաձայն՝ 15 տարվա ընթացքում աստիճանաբար «Հայկական կոնյակ» անունը ներքին շուկայում պետք է դուրս բերվի շրջանառությունից, իսկ 25 տարի հետո «Հայկական կոնյակ» անվանմամբ արտադրանք չպետք է արտահանվի այլ շուկաներ։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում միջոցառումները մեկնարկել էին հոկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերի 11-12-ին նախանշված գագաթնաժողովով պայմանավորված Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել 24 երկրի ղեկավարներ, ՖՄԿ պատվիրակություններ, ընդհանուր առմամբ՝ 3500 մարդ։ Գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Հայաստանի մայրաքաղաքում համախմբված ֆրանկոֆոն համայնքի ներկայացուցիչներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից պետական ընթրիք է տրվել, որի ընթացքում մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրերը պարել են հայկական երաժշտության ներքո, մասնակիցը դարձել Նիկոլ Փաշինյանի սելֆիների։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть