Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է․ Փաշինյան

2018-10-25 18:42 , Политика, 1225

Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տրվել ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկում էր փոփոխություններ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում՝ երաշխավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, հանրապետության նախագահի անվտանգությունը:

Կառավարության որոշմամբ՝ գործող օրենքի հոդվածները անփոփոխ կմնան, մասնավորապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի հոդվածով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կրոնական գործիչ է, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, որի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցի կարգավորումն արդեն իսկ ամրագրված է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով: Այսինքն, վարչապետի որոշմամբ կրոնական գործիչներին կարող է տրամադրվել պետական պահպանություն, որի իրականացումը կարող է հանձնարարվել թե պետական պահպանությունն իրականացնող մարմին հանդիսացող պետական պահպանության ծառայությանը, թե վարչապետի սահմանած մեկ այլ իրավասու պետական մարմնին:

«Պետք չէ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է: Եվ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ է, և իրավիճակները պետք չէ մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ: Կարծում եմ, որ իսկապես տեղին չէ: Համենայն դեպս, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, այդ հարցը ինքս պատրաստ եմ քննարկել և ըստ անհրաժեշտության որոշում կայացնել: Եվ դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա: Ես չեմ կարծում, թե կոռեկտ է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյա և դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ»,-ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել:

Лента

Рекомендуем посмотреть