Քարոզարշավը մեկնարկում է․ Փաշինյանն այդ առիթով արձակուրդ է վերցրել - RadioVan.fm

Онлайн

Քարոզարշավը մեկնարկում է․ Փաշինյանն այդ առիթով արձակուրդ է վերցրել

2018-11-26 12:43 , Политика, 1235

Քարոզարշավը մեկնարկում է․ Փաշինյանն այդ առիթով արձակուրդ է վերցրել

Այսօր մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերը՝«ԻՄ ՔԱՅԼԸ» և «ՄԵՆՔ» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Ազգային Առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա Ծռեր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց Երկիր» «Լուսավոր Հայաստան», Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները 12 օր ժամանակ ունեն իրենց ծրագրերը ընտրողներին ներկայացնելու և նրանց վստահության քվեն նվաճելու։

Ի դեպ՝ քարոզարշավին լիարժեք մասնակցություն ունենալու նպատակով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօրվանից արձակուրդ վերցնելու մասին։ Հրապարակված պաշտոնական որոշումից տեղեկանում ենք, որ այն կտևի 10 օր՝ դեկտեմբերի 5-ը ներառյալ, որի ընթացքում Փաշինյանն աշխատավարձ չի ստանա, իսկ նրան կփոխարինի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին պատգամավորները ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, ինչի հետևանքով Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց։ Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть