Սևծովյան երկրների որոշ պատվիրակներ հրաժարվել են Երևանում տրվելիք մեդալներից - RadioVan.fm

Онлайн

Սևծովյան երկրների որոշ պատվիրակներ հրաժարվել են Երևանում տրվելիք մեդալներից

2018-11-27 14:02 , Политика, 1148

Սևծովյան երկրների որոշ պատվիրակներ հրաժարվել են Երևանում տրվելիք մեդալներից

Այսօր առավոտից վերսկսվել է Երևանում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները, որի ընթացքումվեհաժողովի որոշ պատվիրակներ հրաժարվել են տրվող մեդալներից։

Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի ելույթից հետո նախատեսված է եղել բոլոր պատվիրակությունների ղեկավարների՝ Սևծովյան տնտեսական համագործակցության պատվո մեդալով պարգևատրելու արարողակարգը, սակայն վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից։ Թե ինչո՞ւ՝ մեկնաբանություն չի տրվել։ Մեդալից հրաժարվել է նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,-ասել նա։

Վեհաժողովի գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարել է, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։

Նիստը վարող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն է միջամտել՝ նշելով՝ պատվիրակության ղեկավարին մեդալ շնորհելով՝ պարգևատրում են ամբողջ պատվիրակությանը։ Նա ասել է, որ ըմբռնումով է մոտենում այդ որոշումներին բայց և ընդգծել է, որ դրանով պատվիրակության ղեկավարներն իրենց երկրներին զրկում են պատասխանատվությունից։

«Սա քննարկումների բաց հարթակ է։ Նրանք, ովքեր չցանկացան մեդալները վերցնել Երևանում, կստանան Բաքվում»,-նկատել է Արա Բաբլոյանը։

Մյուս պատվիրակությունների ղեկավարները, նախապես սահմանված կարգի համաձայն, ստացել են իրենց պատվո մեդալները։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը, նշենք, տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների՝ այդ թվում Հայաստանի կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։

Лента

Рекомендуем посмотреть