Նախընտրական շրջանում դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը ծանր հանցագործություն է․ դատախազությունը հիշեցնում է պատժի մասին - RadioVan.fm

Онлайн

Նախընտրական շրջանում դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը ծանր հանցագործություն է․ դատախազությունը հիշեցնում է պատժի մասին

2018-11-27 14:38 , Право, 1654

Նախընտրական շրջանում դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը ծանր հանցագործություն է․ դատախազությունը հիշեցնում է պատժի մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվի առնելով վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար հայտնվող տեղեկություններն այն մասին, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ են տալիս, անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ՝

2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով ընտրողին կաշառք տալու և վերջինիս կողմից այն ստանալու, այլև ընտրությունների ողջժամանակահատվածում բարեգործության արգելքի խախտման, ինչպես նաև ընտրողներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, ապրանքներ տալու, ծառայություններ մատուցելու համար:

«Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասով մինչև Ազգային ժողովի ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, կամ լիազոր ներկայացուցչի կողմից որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը ծանր հանցագործություն է: Դրա համար նախատեսված է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման ձևով»,-մանրամասնում են Գլխավոր դատախազությունից՝ ընտրություններում ներգրավված անձնաց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորելով ձեռնպահ մնալ նմանատիպ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից։ Քաղաքացիներին էլ կոչ է արվում նմանատիպ ցանկացած երևույթի ականատես լինելու, դրանց վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության տիրապետելու դեպքում անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին:

«Օրենսդրական վերջին փոփոխությունները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին օժտել են անհրաժեշտ լեգիտիմ հնարավորություններով՝ լայնածավալ միջոցառումների միջոցով պարզելու քողարկված ցանկացած դեպքի իրական հանգամանքները: Այդ հնարավորությունները օրենքով սահմանված կարգովգործի են դրվելու ամբողջ ծավալով»,-ընդգծում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Лента

Рекомендуем посмотреть