2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատելու հետևանքով գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ադրբեջանական բանտից դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ երկար ժամանակ մամուլում քննարկվող գերիների փոխանակման մասին հնչող առաջարկին:
Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքի հրապարակած նամակում Բաղդասարյանը «մարդասիրություն» է հայցել Նիկոլ Փաշինյանից, ինչպես նաև այն անձանցից, որոնց պետք է խնդրի տեղ հասցնել թղթում շարադրված իր «հոգու ճիչը»:
«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ կցանկանայի խնդրել հնարավորինս կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել սեփական ժողովրդի փրկության համար»,-ըստ լրատվամիջոցի՝ գրել է Բաղդասարյանը նշելով, որ ինքը հրաժարվում է հավատալ, որ իրավիճակը, որում հայտնվել է, անդառնալի է:
«Հարգելի վարչապետ, եթե դուք իսկապես հոգ եք տանում սեփական ժողովրդի մասին, խնդրում եմ՝ երկու երկրներում տառապող մարդկանց ազատման հարցում ընդհանուր հայտարարի եկեք ձեր ադրբեջանցի ընդդիմախոսների հետ»,-գրել է Բաղդասարյանը։
Նշենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Բաղդասարյանին մեղադրելով Արցախի ՊՆ կողմից կազմակերպած դիվերսիոն փորձի մեջ՝ 2015-ի մայիսի 5-ին նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման։