Դեղատներում հաճախորդների և դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրության տեսահսկումը խնդրահարույց է - RadioVan.fm

Онлайн

Դեղատներում հաճախորդների և դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրության տեսահսկումը խնդրահարույց է

2018-11-28 16:36 , Общество, 1053

Դեղատներում հաճախորդների և դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրության տեսահսկումը խնդրահարույց է

ՀՀ-ում գործունեություն ծավալող դեղատներից շատերում դեղատնային գործի կազմակերպիչները դեղատան ընդհանուր սրահում իրականացնում են տեսահսկում (տեսագրում կամ տեսաձայնագրում)․ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կատարած մոնիթորինգի արդյունքում արձանագրելով փաստը և հաշվի առնելով հանգամանքը, որ դեղատան գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ հաճախորդները դեղատան աշխատակիցներին ներկայացնում են կենսաչափական և հատուկ կատեգորիայի զգայուն անձնական տվյալներ (հաճախորդի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական, առողջական վիճակին վերաբերող տեղեկություններ), անհրաժեշտ է համարում տեսահսկման՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված օրինականության և համաչափության սկզբունքներին համապատասխանեցնելը։

«Մասնավորապես՝ առերեւույթ խնդրահարույց կլինեն այն դեպքերը, երբ օրինակ պահարանների և/կամ դրամարկղի անվտանգության ապահովման նպատակով հսկվի ոչ թե պահպանման ենթակա գույքի հատվածը, այլ ամբողջ սրահն այնպես, որ տեսահսկվեն նաև հաճախորդները և դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրությունը, կամ տեսագրմանը զուգահեռ իրականացվի նաև ձայնագրում կամ առկա չլինի տեսահսկման մասին ծանուցող համապատասխան գրառում կամ ցուցանակ եւ այլն»,-ընդգծում են գործակալությունից՝ դեղատնային գործի կազմակերպիչներին հորդորելով դեղատնային տարածքներում տեսահսկման համակարգեր տեղադրելիս առաջնորդվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած տեսահսկման ուղեցույցի դրույթներով (տես այստեղ):

Գործակալությունից հիշեցնում են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ դեղատային գործի կազմակերպիչները պարտավոր են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը սահմանված կարգով ծանուցել կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով մարդկանց պատկերը/տեսապատկերը (մարդկանց տեսագրելու կամ տեսաձայնագրելու դեպքերում) կամ մարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններ բնութագրող տեղեկությունները համարվում են կենսաչափական անձնական տվյալներ իսկ առողջական վիճակին վերաբերող տեղեկությունը՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ):

Лента

Рекомендуем посмотреть