Онлайн

Երևանը ներծծվել է իտալական բարոկկոյի շնչով․ բացառիկ ցուցահանդեսը բացված է

2018-12-06 17:52 , Культура, Шоу бизнес, 217

Երևանը ներծծվել է իտալական բարոկկոյի շնչով․ բացառիկ ցուցահանդեսը բացված է

«Մշակույթն այն սյուներից է, որի վրա պետք է հենվել ու զարգացնել հայ-իտալական հարաբերությունները»,-այս համոզմամբ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում սկսած Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն այսօր ազդարարում է՝ այս ամիսներին հաջողվել է իրականացնել մշակութային կարևորագույն նախաձեռնությունը՝ այն է՝ Հայաստանի մայրաքաղաք Երևան բերել Իտալիայի մշակութային գլուխգործոցները՝ «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկոյի բարձրարվեստ նմուշները։

Նախօրեին Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվել է «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» խորագիր կրող ցուցահանդեսը, որում հայ մշակութասերներին է ներկայանում եվրոպական բարոկկո արվեստի 55 բացառիկ նմուշ՝ գեղանկարներ, էսքիզներ, դեկորատիվ արվեստի նմուշներ։

Ջովաննի Լորենցո Բեռնինի, Սալվատոր Ռոզա, Կառլո Մարատտա, Դոմենիկո Ֆետտի, Յակոբ Ֆերդինանդ Վուտ, Պիետրո դա Կորտոնա, Ջովաննի Բատտիստա Սալվի, Պիեռ Ֆռանրեսկո Մոլա՝ այս և բարոկկոյի այլ նշանավոր վարպետների գործերն առաջիկա երկու ամիսներին կզարդարեն Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների պատերը։

«Եվրոպայում, սովորաբար, արշավներն անցկացվել են զենքերի միջոցով, իսկ Իտալիային հաջողվեց այդ արշավները կազմակերպել արվեստի և մշակույթի միջոցով: Բարոկկոն սկզբում տարածվեց Արևմտյան, հետո՝ Կենտրոնական Եվրոպայում, իսկ հետո՝ անգամ Հյուսիսային ամենացուրտ Եվրոպայում: Այն հասել է Եվրոպայի բոլոր անկյուններ, բայց չէր եղել Հայաստանում, ուստի, ուրախ ենք, որ հնարավորություն ունենք այդ գեղեցկությունը ներկայացնել այստեղ»,-իր ելույթի խոսքում ընդգծել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Իտալիայում բարոկկո ոճի եզակի ճարտարապետական հուշարձան համարվող «Պալացցո Կիջի» թանգարանի կառուցումը՝ սկսված 16-րդ դարի երկրորդ կեսից, ավարտին է հասցվել Իտալիայի հնագույն ազնվական ընտանիքներից մեկի՝ Կիջիի կողմից։ Ընտանիքի ներկայացուցիչներն, ի դեպ, պատմական տարբեր փուլերում եղել են կարդինալներ, կրել են Հռոմի պապի տիտղոսը։

Ցուցահանդեսին, նշենք, ներկայացված են նաև այդ ազնվական ընտանիքի զինանշանով կաշվե և մետաքսե պաստառները, ինչպես նաև Կիջիի պալատի տիրոջ՝ կարդինալ Ֆլավիո Կիջիի դիմանկարը:

Նշենք, որ իտալական Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջիի» պալատը համարվում է հռոմեական բարոկկոյի խոշորագույն և ամենաներդաշնակ ճարտարապետական կառույցներից մեկը, որը դարեր ի վեր եղել է Կիջի ընտանիքի գլխավոր նստավայր։ Այն 1988 թվականին վաճառվել է Արիչչայի համայնքապետարանին։ Հանրության առաջ այն դռները բացել է 1999թ․-ին։ Պատմական նստավայրի հիմնական տեսքը էապես պահպանվել է։

«Բարոկկո» տերմինը, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է մարգարտահատիկ, ի սկզբանե կիրառվել է որպես նվաստացուցիչ մակդիր՝ արտահայտելով անկանոնություն, մանրամասների առատություն և ավելորդություն, որը բնորոշել է Հռոմում 17-րդ դարասկզբին համախմբված նկարիչների մի ամբողջ սերնդի ճաշակը։ Սակայն ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի՝ Իտալիա մուտքով «կլասիցիստների» և «նատուրալիստների» միջև բանավեճը սկիզբ է դնում ֆիգուրատիվ նոր լեզվի՝ բարոկկոյի, ձևավորելով եվրոպական մշակույթի ամենաշքեղ ու գեղեցիկ ոճը, որին բնորոշ են հակադրությունները, դինամիզը և լարվածությունը։

Ցուցահանդեսը, որը կազմակերպել են ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային պատկերասրահը, հայ արվեստասերների առաջ բաց կլինի մինչև 2019թ. փետրվարի 18-ը:


Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Рекомендуем посмотреть