Շոպենի ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ՝ հայաստանյան բեմում - RadioVan.fm

Онлайн

Շոպենի ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ՝ հայաստանյան բեմում  

2018-12-12 19:23 , Культура, Шоу бизнес, 2585

Շոպենի ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ՝ հայաստանյան բեմում

«Ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկի՝ Շոպենի անզուգական նոկտյուրները, պրելյուդներն ու մազուրկաները՝ ջազային մեկնաբանությամբ․ լեհական ջազի ականավոր խմբերից մեկի` Անջեյ Յագոջինսկի Տրիոյի կատարմամբ նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչել են լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։

Դահլիճը ծափողջույններով դիմավորել և նույնկերպ էլ ճանապարհել է երաժիշտներին, ովքեր առաջին անգամն էին Հայաստանում և, ինչպես նշել էին՝ «Հայաստանի ճարտարապետությունը իրոք գեղեցիկ է, իսկ մարդիկ՝ համակրելի»:

«Շոպենը ջազային մեկնաբանությամբ» համերգը նվիրված էր Լեհաստանի անկախության վերականգման 100-ամյակին․ 123 տարվա գերությունից հետո 1918 թվականի նոյեմբերի 11-ին Լեհաստանը վերականգնել է իր անկախությունը։ Այդ օրը Գերմանիան հրադադարի մասին համաձայնագիր ստորագրեց, որով ավարտվեց առաջին աշխարհամարտը:

Նշենք, որ Անջեյ Յագոջինսկի տրիոն (Յոգոջինսկի՝ դաշնամուր, Ադամ Ցեգելսկի՝ կոնտրաբաս, Չեսլավ «Ճուտ» Բարտկովսկի` հարվածային գործիքներ) Հայաստանում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հրավերով։

Անջեյ Յագոջինսկի` արժանացել է երկու «ՖՐԵԴԵՐԻԿ» մրցանակների` «Տարվա ջազային երաժիշտ» և «Տարվա ջազային ձայնասկավառակ» անվանակարգերում: Յագոջինսկին նվագում է զանազան ոճերով` մշտապես լեհական ջազի էլիտայի հետ` Old Timers, Swing Session, Quintessence, String Connection, Janusza Muniak Quartet, Tomasza Szukalski Quartet, Jarosława Śmietana’s Polish All Stars, Jan „The bird” Wróblewski Formations: Նա հանդես է եկել համերգներով ողջ աշխարհում` մասնակցելով, մասնավորապես, Մուբայում Jazz Yatra, Նյուրնբերգում Jazz Ost-West, Փարիզում Jazz in Europe փառատոններին, Մալմյոյում Skane Festivalen, Էդինբուրգում Art Festival, Անկարայում Music Festival, Լևերկուսեն Jazztage, Ստամբուլում International Festival փառատոններին: Միջազգային համբավ Անջեյ Յագոջինսկի եռյակին բերել է ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությամբ կատարումները, որն Յագոջինսկիի հեղինակային գաղափարն է և նրա հաջողությունը` որպես արտիստի:

Ադամ Ցեգելսկի` Հանրահայտ կոնտրաբասիստ, մանկավարժ:Ցեգելսկիի ջազային կարիերան մեկնարկել է «Central Heating Trio» խմբում, որի հետ հաղթել է Կրակովում անցկացվող Jazz Juniors մրցույթին 1990 թ-ին` ստանալով նաև անհատական մրցանակ: Համագործակցել է գլխավորապես Էվա Բեմի, Թոմաշ Սթանկոյի, Զբիգնև Նամիսլովսկիի, Վոյչեխ Կարոլակի, Հենրիկ Միշկևիչի, Զբիգնև Պրեյզների և Յան Կաչմարեկի հետ: 1994 թ-ին Լեհական մշակութային հիմնադրամի կողմից պարգևատրվել է Քշիշտոֆ Կոմեդայի անվան ամենամյա մրցանակով: Կոնտրաբասիստը 1993 թ-ից նվագում է Անջեյ Ժագոդիցսկիի եռյակում:

Չեսլավ «Ճուտ» Բարտկովսկի` հարվածային գործիքներ, լեհական ջազի լեգենդ, 1992 թ-ից աշխատում է նաև որպես մանկավարժ և դասախոս: Իր դեբյուտը կայացել է 1960 թ-ին Եժի Պակուլսկիի Far Quartet խմբում: 1963 թ-ին համագործակցություն է սկսել Զբիգնև Նամիսլովսկիի հետ և դարձել է նրա քառյակի անդամ: Բարտկովսկին նվագել է հակապես Nemen Enigmatic և Միխալ Ուրբանիակի խմբերում: Նա հանդես է եկել Լեհաստանում և արտասահմանում (ԱՄՆ-ում, Իսրայելում, Լիբանանում, Եթովպիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում և ողջ Եվրոպայում) ջազային ամենամեծ փառատոններին: 1983-1988 թթ.-ին «Jazz Forum» ամսագրում ընթերցողները ճանաչել են նրան որպես լավագույն հարվածային: Բարտոկովսկին 1993 թ-ից նվագում է Անջեյ Ժագոդիցսկիի եռյակում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть