«Ձեռք մեկնիր եղբորդ»․ Գուգարաց թեմի առաջնորդի ջանքերով բնակարանամուտ է տոնել 25-րդ ընտանիքը - RadioVan.fm

Онлайн

«Ձեռք մեկնիր եղբորդ»․ Գուգարաց թեմի առաջնորդի ջանքերով բնակարանամուտ է տոնել 25-րդ ընտանիքը

2018-12-20 18:22 , Общество, 2392

«Ձեռք մեկնիր եղբորդ»․ Գուգարաց թեմի առաջնորդի ջանքերով բնակարանամուտ է տոնել 25-րդ ընտանիքը

«Ձեռք մեկնիր եղբորդ». Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ Լոռու մարզում շարունակվում է կարիքավոր ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագիրը։

Ծրագրի շրջանակում, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, բնակարանամուտ է տոնել ևս մեկ՝ թվով 25-րդ կարիքավոր ու բազմազավակ ընտանիքը:

Արդվի համայնքի բնակիչ Բագրատ և Հերմինե Գասպարյանների 10 անձից բաղկացած ընտանիքն արդեն նոր՝ վերանորոգված ու հարմարավետ բնակարան ունի։ Սրբազան Հոր նախաձեռնությամբ և Ստամբուլահայ բարերար Օնիկ Նալբանդի ֆինանսավորմամբ գնվել է նրանց կիսաքանդ, փոքրիկ ու կենցաղային պայմաններից զուրկ տան հարակից տարածքը։

Հինն ամբողջովին քանդվել է, կանգնեցվել է նոր, ընդարձակ, հարմարավետ ու ամուր տանիքով կառույց։

Բնակարանամուտին, ի դեպ, ներկա է գտնվել նաև վերջերս Հայոց բանակ զինվորագրված Գասպարյանների որդին։

Սեպուհ Սրբազանը նաև աջակցել է ևս երեք ապագա զինվոր և չորս ապագա մայր ունեցող Գասպարյանների ընտանիքի գործազուրկ հորը՝ աշխատանք գտնելու հարցում․ Բագրատ Գասպարյանն այժմ Սուրբ Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի հսկիչն է:

Թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ ու հովանու ներքո անցկացվող «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին։ Նպատակը՝ Լոռու մարզում տնակային ավանների կամ վագոն-տնակներում բնակվող բազմազավակ, կարիքավոր ընտանիքներին բնակարաններով ապահովելն է։ Առ այսօր ծրագրով հատկացված բնակարաններից 22-ը գնվել են Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կամավոր հանձնառությամբ և Հայաստանում և արտերկրում ապրող նրա անմիջական բարեկամների ու ընկերների անհատական նվիրատվություններով, իսկ 3-ը՝ Վանաձորում կազմակերպված համաքաղաքային հանգանակության միջոցով:

Բնակարան ստացող ընտանիքները ընտրվում են ծրագիրը համակարգող հանձնախմբի որոշմամբ, նրանց փաստացի նյութական պայմանների գնահատման՝ ընտանիքի անդամների քանակի, աշխատունակության, զբաղվածության, հաշմանդամության և այլ՝ սահմանված չափորոշիչների հիման վրա:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть