«Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ...»․ քաղաքագետը՝ Հետհեղափոխական Հայաստանում նույն աշխատաոճի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ...»․ քաղաքագետը՝ Հետհեղափոխական Հայաստանում նույն աշխատաոճի մասին

2018-12-21 18:15 , Политика, 1244

 «Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ...»․ քաղաքագետը՝ Հետհեղափոխական Հայաստանում նույն աշխատաոճի մասին

«Վերջին մի քանի օրերին ՀՀ իշխանությունների գործելաոճը բավականին զարմանքների պատճառ դարձավ»,-այդ մասին գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նկատելով, «նախ, պարզվում է, որ հետհեղափոխական ԱԳՆ-ն նույն աշխատաոճն է ընտրել, ինչ նախահեղափոխականը՝ լռակյաց դիվանագիտություն... ՀՀ ԱԳՆ-ն ընդամենն արձագանքողի դերում է... Հայաստանի արտաքին հարաբերություններին վերաբերող կարևոր տեղեկությունները, ինչպես միշտ, շատ դեպքերում, մենք իմանում ենք Մոսկվայից, Բաքվից կամ այլ մայրաքաղաքներից... Իսկ պաշտոնական Երևանն ընդամենը լղոզված արձագանքում է այդ ամենին, լինի դա ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում արտասահմանցի զինծառայողների գտնվելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելուն, թե Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի լավատեսությանը՝ կապված ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, երբ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչ է նշանակում, երբ թուրք-ազերին գոհ է մնում հայ պաշտոնյայի հետ հանդիպումից... »։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ զարմանք է հարուցում նաև «ՀՀ վարչապետի մեղմ արձագանքը Բելառուսի նախագահի լկտի հայտարարություններին»։

«Կցանկանայի, որ երկրի ներսում «սևերին» պատեպատ ծեփող և ասֆալտին փռող մեր վարչապետը նույնն էլ աներ արտաքին «սևերի» նկատմամբ... Սակայն, որքան հասկանում եմ, այդ ամենին հայ հասարակությունն ականատես չի լինելու...»,-գրում է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում՝ զարմանքների շարքում ավելացնելով նաև հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման մասին կրկին արտասահմանից տեղեկանալու փաստը։

«Ուրախ կլինեմ, որ այսուհետ մեր իշխանությունները մեզ զարմացնեն իրենց ձեռքբերումներով, հատկապես արտաքին քաղաքականության և երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շոշափելի բարելավման առումով... Իսկ այս շրջանում, շատ ուրախ կլինեմ, որ մեր իշխանությունները մեզ վերը նշված զարմանքներից զերծ պահեն...

Հուսանք՝ Փաշինյանը ևս մեզ պես նոր չիմացավ, որ Մոսկվա է այցելելու հաջորդ շաբաթ...»,-եզրափակում է գրառումը քաղաքագետը։

Նշենք՝ երեկ՝ իր ամենամյա մեծ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հաջոդ շաբաթ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть