«Ոչ մի քաղաքացի չի տուժվի»․«Հին Երևան» ծրագրի վերջնական իրագործման համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ են ճանաչվել - RadioVan.fm

Онлайн

«Ոչ մի քաղաքացի չի տուժվի»․«Հին Երևան» ծրագրի վերջնական իրագործման համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ են ճանաչվել

2018-12-27 17:30 , Общество, 1988

«Ոչ մի քաղաքացի չի տուժվի»․«Հին Երևան» ծրագրի վերջնական իրագործման համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ են ճանաչվել

«Հին Երևան» ծրագիրն ավարտին հասցնելու համար կենտրոնի որոշ տարածքներ կօտարվեն․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում է ընդունել։

Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Տարածքը՝ հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:

«Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, և, իհարկե, գաղտնիք չէ, որ որևէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն և վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք գնալ այսպիսի ծայրահեղ քայլի՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք և վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ»,-անդրադառնալով որոշմանն ասել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ և վերահսկողություն ունենան, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան:

Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ այդ հարցը գտնվելու է մշտական ուշադրության կենտրոնում, և տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ևս համապատասխան երաշխիքներ է ներկայացրել:

«Ոչ մի քաղաքացի այս պրոցեսում չի կարող տուժող հանդիսանալ, որովհետև կառավարությունը կանգնած է յուրաքանչյուր քաղաքացու թիկունքում»,-ընդգծել է նախարարի պաշտոնակատարը՝ հստակեցնելով, որ այս գերակա շահը պայմանավորված է քաղաքի կենտրոնական հատվածը ավելի բարեկարգ դարձնելու հանգամանքով։

«Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը իր տրամադրության տակ որպես սեփականություն ունի Երևան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններ և պատրաստ է դրանց միջոցով օտարվող սեփականության սեփականատերերին և այլ գույքային իրավունք ունեցողներին փոխհացուցել այդ տարածքում գտնվող 48 գույքի դիմաց:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть