Онлайн

Նոր Հայաստանի 132 պատգամավորները կերդվեն հունվարի 14-ին

2019-01-07 17:48 , Политика, 371

Նոր Հայաստանի 132 պատգամավորները կերդվեն հունվարի 14-ին

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 10:00-ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ին կայացած նիստում մանդատները խորհրդարանական երեք ուժերի միջև բաշխելու վերաբերյալ արձանագրություն է կազմել, ըստ որի՝ ԱԺ-ում մեծամասնություն է կազմելու «Իմ քայլը» դաշինքը՝ 88 պատգամավորով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 պատգամավոր, իսկ խորհրդարանական երրորդ և իրեն ընդդիմադիր հռչակած «Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարանում ներկայացված կլինի 18 պատգամավորով:

Նշենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ առաջին նստաշրջանի նիստերը կբացի և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը, առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք կունենան Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նրանց ելույթներից հետո պատգամավորները կերդվեն՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

7-րդ գումարման խորհրդարանը վարչապետ չի ընտրելու․ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, որից հետո 15-օրյա ժամկետում կազմավորվում է կառավարությունը:

Նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, կառավարության կազմավորումից հետո էլ՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

Հիշեցնենք՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ ձևավորվելիք կառավարությունը ներկայիս 17-ի փոխարեն կունենա 12 նախարարություն։ Նոր կառավարությունում կկրճատվի նաև առաջին փոխվարչապետի հաստիքը՝ կունենաք վարչապետ, երկու փոխվարչապետ և նախարարներ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть