«Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի». քաղաքապետարանն այսօրվանից նոր ծավալով է իրականացնելու ստուգայցերը - RadioVan.fm

Онлайн

«Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի». քաղաքապետարանն այսօրվանից նոր ծավալով է իրականացնելու ստուգայցերը

2019-01-08 15:32 , Общество, 1765

«Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի». քաղաքապետարանն այսօրվանից նոր ծավալով է իրականացնելու ստուգայցերը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ:Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավելևս՝ սննդամթերք»,-այդ մասին հիշեցում են Երևանի քաղաքապետարանից՝ բացօթյա առևտրով զբաղվողներին հորդորելով տեղափոխվել շուկաներ։

Քաղաքապետարանից նշում են, որ այսօրվանից ավելի մեծ ծավալներով է կազմակերպվելու ոստիկանության հետ համատեղ տարվող ստուգայցերը՝ օրինախախտ տնտեսվարողներին ենթարկելով պատասխանատվության:

Քաղաքային իշխանությունները սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում են տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր։

«Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել:

«Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու եւ իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը: Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցնների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում»,-հավելել է քաղաքապետարանի մամլուլի պատասխանատուն:

Քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում խնդրին առնչվող տեսանյութ է հրապարակել․

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть