400-ից՝ 500․ Երևան–Արմավիր–Երևանի ուղևորավարձը թանկացել է - RadioVan.fm

Онлайн

400-ից՝ 500․ Երևան–Արմավիր–Երևանի ուղևորավարձը թանկացել է

2019-01-08 16:49 , Общество, 1443

400-ից՝ 500․ Երևան–Արմավիր–Երևանի ուղևորավարձը թանկացել է

Երևան–Արմավիր երթուղին շահագործող ընկերությունը 100 դրամով թանկացրել է ուղևորավարձը՝ այն 400-ից դարձնելով 500 դրամ։

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի փոխանցմամբ՝ ի սկզբանե «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը երթուղու մրցույթը շահել է 500 դրամով, սակայն սպասարկել՝ 400-ով։

«Քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել, ընկերությունն ասում է, որ այլևս նախկին գնով չի կարող սպասարկել»,-նշում է փոխնախարարի պաշտոնակատարը՝ միաժամանակ ընդգծելով, որ խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով նախարարությունը կհանդիպի սպասարկող ընկերության ներկայացուցչի հետ։

Նույն՝ «Կիլիկիա» ավտոկայանից Արմավիր ուղևորներ տեղափոխող մեկ այլ ընկերության՝ «Ալ տրանս»-ի միկրոավտաբուսները ուղևորներին շարունակում են տեղափոխել 400 դրամ սակագնով։ Ինչպես «Ռադիո Վանի»-ի հետ զրույցում նշեցին ավտոկայանից՝ այդ ընկերության տրասպորտային միջոցները համեմատաբար վատ վիճակում են։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը բողոքի ցույց էր կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև։ Պահանջն այս էր՝ Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (շահագործվում էր 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (շահագործվում էր 22 տրանսպորտային միջոցով): ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո փոխզիջումային որոշում կայացվեց։ Միասնական երթուղային ցանցի կազմավորմանը չխոչընդոտելու նպատակով որոշվեց նոր մեքենաների փոխարինումը իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից։

Նշենք՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը լիրազորված է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին սպասարկել մինչև 2022 թվականը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть