Онлайн

Երևանը չի բարձրացնում գազի գինը, սակայն «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը. «Կոմերսանտ»

2019-01-09 16:06 , Политика, 207

Երևանը չի բարձրացնում գազի գինը, սակայն «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը. «Կոմերսանտ»

«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար «Գազպրոմ»-ի կողմից գազի գնի 10%-ի չափով թանկացումից հետո ռուսական կողմը կարող է կրճատել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալը: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը։

Նշենք՝ այս տարվա հունվարի մեկից Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի 10%-ով բարձր սակագնով՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն վճարելով 165 դոլար։ Այդուհանդերձ, ինչպես տարեվերջին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ սպառողների համար գազի սակագինը չի թանկանա։

«Ուրիշ հարաբերություն է ռուսական «Գազպրոմ» ընկերության և նրա դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիայի» հարաբերությունը, և ուրիշ խնդիր է «Գազպրոմ Արմենիայի» և մեր սպառողների հարաբերությունը։ Դրանք տարբեր բաներ են,-ասաց Փաշինյանը։

«Կոմերսանտ»-ը, մեջբերելով Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանի ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցը, նշում է, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ», սուբսիդավորում չի լինելու։ Պարբերականը զուգահեռ ներկայացնում է ռուս փորձագետների կարծիքը։

Մասնավորապես, «Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:

«Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմ»-ը տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա»-ին ՀՀ-ում ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ներդրումների իրականացման համար:

«Ստեղծված իրավիճակում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմ»-ի դուստր ընկերության դեմ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանում ռեսուրսի պահպանում»,-նշել է փորձագետը՝ հավելելով, որ դա կարող է հետագա քննարկումների առարկա դառնալ:

Պարբերականն ընդգծում է՝ «2018թ. գարնանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում»։

«Հայաստանին գազի միակ մատակարարը «Գազպրոմ»-ն է, որի հետ «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը 2013թ. պայմանագիր է կնքել 2014-2018թթ. տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով վառելիքի մատակարարման շուրջ:

ՀՀ երրորդ նախագահի օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ»,-հավելում է «Կոմերսանտ»-ը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть