Փաշինյանը պետք է գաղտնազերծի Արցախի հարցով անցյալ 10-20 տարիների բանակցությունների գործընթացը․ Սեֆիլյան - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը պետք է գաղտնազերծի Արցախի հարցով անցյալ 10-20 տարիների բանակցությունների գործընթացը․ Սեֆիլյան

2019-01-23 15:22 , Право, 1462

Փաշինյանը պետք է գաղտնազերծի Արցախի հարցով անցյալ 10-20 տարիների բանակցությունների գործընթացը․ Սեֆիլյան

«Ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությունների պրոցեսը, որպեսզի պարզ դառնա, թե նախորդ ռեժիմը, որպես հանցագործ ռեժիմ, ընդհանրապես ի՞նչ բանակցություններ է վարել»,-այս կարծիքին է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը։

Իսկ ինչ վերաբերվում է ներկայում ընթացող բանակցություններին, ապա, Սեֆիլյանի խոսքով, այս հարցում ևս պարոն Փաշինյանը պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերի։

«Նախևառաջ պետք է հրաժարվենք այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից և պետք է նոր բանակցության տրամաբանություն մեջտեղ բերվի, որը միայն ու միայն կարող է ի շահ մեր ժողովրդի լինել։ Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, կարծում եմ, որ կխորանան մտահոգությունները, որ հնարավոր է՝ կրկին ժողովրդի թիկունքում, ի վնաս մեզ ինչ-որ գործընթաց, ինչը ոչ մի դրական բանի չի բերի: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանությունների կողքին է, ուստի իշխանությունները հանգիստ, շատ վստահ, հայկական շահերը պաշտպանողի դերում կարող են նստել բանակցությունների սեղանին՝ չհարմարվելով մինչ այդ ցուցաբերված պարտվողական ու դավաճանական ընթացքին: Մենք բոլորս հիշում ենք քառօրյա պատերազմը, որը դավաճանության գագաթնակետն էր: Նաև համոզված ենք, որ եթե երկրում տեղի չունենար համարժեք ռեակցիա, հակազդում, տվյալ դեպքում նկատի ունեմ Սասնա Ծռերի գործողությունը, ապա վստահ ենք, որ շարունակվելու էր այդ դավաճանական ընթացքը, այնինչ Սասնա Ծռերի գործողությամբ կարողացանք կանխել այդ ամենը»,-ֆեսյբուքյան իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը՝ ընդգծելով, որ այդ ամենի մասին բարձրաձայնել է հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախցիների հետ հանդիպմանն իր ելույթում։

Նշենք՝ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը՝ այլ մանրամասներ չնշելով։

Лента

Рекомендуем посмотреть