150 խոշոր մատակարարներ և 7 սուպերմարկետներ զգուշացվել են - RadioVan.fm

Онлайн

150 խոշոր մատակարարներ և 7 սուպերմարկետներ զգուշացվել են

2019-01-25 15:02 , Экономика, финансы, 2752

150 խոշոր մատակարարներ և 7 սուպերմարկետներ զգուշացվել են

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) զգուշացում է կիրառել 150 խոշոր մատակարարների և 7 սուպերմարկետների՝ «Երևան սիթի»-ի, «Նոր զովք»-ի, «Էվրիկա»-ի, «Սաս»-ի, «Կրպակ»-ի, «Պարմա»-ի, «ԷՄ ՋԻ»-ի նկատմամբ:

Հանձնաժողովից նշում են, որ պատճառները մի քանիսն են․ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են խոշոր ցանցերի կողմից խտրական մոտեցման մասին:

«Օրինակ` խոշոր առեւտրային ցանցերը կամայական սկզբունքով են որոշում, թե որ մատակարարի հետ պետք է համագործակցեն և ինչ պայմաններով: Կամ որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել կոնկրետ ապրանքանիշ կամ կազմակերպում են տվյալ արտադրանքի ցուցադրում-վաճառք, ակցիա` այդ հնարավորությունը չտալով մյուսներին:

Փոքր և միջին ընկերություններից նշել են, որ սպառողները նախընտրում են գնումներ կատարել խոշոր առեւտրային ցանցերից, ուստի առեւտրային ցանցերի լայն ներկայացվածությունը խոչընդոտում է իրենց գործունեությունը: Խնդիրներ են նաեւ շուկայի հագեցվածության բարձր եւ եկամտաբերության ցածր մակարդակը, ֆինանասական միջոցների անհասանելիությունը, հարկերի բարձր դրույքաչափերը:

Ուսումնասիրվել են առևտրային ցանցերի առավելությունները: Ընդգծվել է, որ մի շարք լայն սպառման ապրանքներ առեւտրային ցանցերը մատակարարներից միջինում 2-3 տոկոսով ավելի էժան են գնում, քան փոքր խանութները, եւ կարողանում վաճառել ավելի ցածր գնով:

Մատակարարները ապրանքների դիմաց վճարելու համար խոշոր ցանցերին ավելի երկար ժամանակ են տալիս, քան փոքրերին: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ խոշոր ցանցերը սահմանափակում են իրենց մրցակիցների գործունեությունը ՝ մատակարարներին լրացուցիչ պայմաններ պարտադրելով: Օրինակ՝ որոշ դեպքերում, երբ այլ սուպերմարկետում ավելի ցածր գնով է վաճառվել որեւէ ապրանք, առեւտրային ցանցերը մատակարարներին պարտադրել են բարձրացնել տվյալ սուպերմարկետին վաճառվող ապրանքի գինը կամ դադարեցնել նրա հետ համագործակցությունը: Հաճախ մատակարարները կատարել են պահանջները՝ հաշվի առնելով խոշոր իրացումների հանգամանքը:

Բացահայտվել է, որ մի շարք շուկաներում մատակարարներն ունեն գերիշխող դիրք, ինչն օգտագործում են մանրածախ ցանցերին պայմաններ թելադրելու համար: Մի շարք գերիշխող առեւտրային ցանցեր զբաղվում են ապրանքների ե′ւ արտադրությամբ, ե′ւ ներմուծմաբ, ե′ւ դրանց առեւտրով: Հանձնաժողովի կարծիքով՝ սրանք պետք է հստակ տարանջատված լինեն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, զգուշացում կիրառելով, նշել է, որ վերոնշյալ խնդիրների կրկնվելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված առավել խիստ պատասխանատվության միջոցներ»,-ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть