Պարտվել իմանալ է պետք, այն ուժ է տալիս․ Տիգրան Մանսուրյանը համերգային երեկոներով կտոնի 80-ամյակը - RadioVan.fm

Онлайн

Պարտվել իմանալ է պետք, այն ուժ է տալիս․ Տիգրան Մանսուրյանը համերգային երեկոներով կտոնի 80-ամյակը

2019-01-25 18:48 , Культура, Шоу бизнес, 2080

Պարտվել իմանալ է պետք, այն ուժ է տալիս․ Տիգրան Մանսուրյանը համերգային երեկոներով կտոնի 80-ամյակը

«Ծայրահեղ հագեցած էր իմ անցած ուղին: Դեռ երաժշտության ճանապարհ մտնելու առաջին իսկ օրվանից մինչև այսօր լուրջ կռիվ է: Այդ պահը, որ պետք է թողնեմ ինձ ազատ, դեռ չկա, թեև 80 տարին էլ բավական տարիք է, որ մի քիչ էլ հոգնածությանը տեղ տաս: Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ»,-այդ մասին այսօր, հոբելյանական համերգներին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը, ասել է հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

Հարցին, թե ինչպես է կարողացել հաղթահարել տարիների ընթացքում իրեն հանդիպած դժվարությունները՝ «երկու իրականությունների՝ սովետականի և հետսովետականի» միջով անցած մաեստրոն ասել է․ «Գիտե՞ք՝ պարտվել իմանալ է պետք։ Ես իմ կյանքի տասը տարիները նվիրել եմ Ֆոլկներին։ Այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ ոք չի սովորեցրել։ Երկրորդ կուրսից դուրս է մնացել, այդպես էլ կրթություն չի ստացել, բայց ինչպե՞ս է հասել Նոբելյան մրցանակի․․․ Այդ ընթացքում ինչ պարտությունների միջով է ացել․․․ Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, որ չկորցնես քո հիմնականն ու քո հավատքը։ Դա է ուժ տալիս մարդուն»։

Հարցին, թե ամենացանկալիներից ո՞ւմ շնորհավորանքը կուզեր հիմա լսել՝ մաեստրոն, թեև համարել է սենտիմենտալ, այդուահանդերձ, նշել է՝ «կնոջ, ով հիմա չկա»։

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերի մեկնարկը կտրվի հունվարի 27-ին Լոս Անջելեսում նախատեսված միջոցառմամբ, որի ընթացքում կհնչեն Մանսուրյանի տարբեր տարիների գործերը, այդ թվում՝ Չարենցի բանաստեղծություններով գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը:

Հունվարի 30-ին էլ համերգային երեկո կլինի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որի ընթացքում կհնչեն Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները:

Մարտ ամսին ևս համերգային ծրագրեր նախատեսված են, որոնք դեռ քննարկվում են:

Лента

Рекомендуем посмотреть