Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ․Գարեգին Բ - RadioVan.fm

Онлайн

Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ․Գարեգին Բ

2019-01-28 13:23 , Общество, 1006

Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ․Գարեգին Բ

1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» կառավարության որոշմամբ ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը։

Հայոց բանակն այսօր 27 տարեկան է։

Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳարեգին Բ-ն։

«Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության:

Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ: Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ, ջանք ու ավանդ բերելու Հայաստանի ու Արցախի շենացմանն ու զարգացմանը և իրագործելու առաջընթացի ու ազգային զարթոնքի մեր տեսիլքները: Մեր հայրենաշեն գործերը պիտի պանծացնեն նաև հիշատակը իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների:

Աստվածակառույց Մայր Տաճարի Սուրբ Սեղանի առջև Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների և օրհնության ներքո պահպանի մեր Բանակի սպաներին ու մարտիկներին`զորացնելով ամուր հավատքով, ուժ ու կորով պարգևելով իրենց պանծալի ծառայության մեջ և նպատակների իրագործում ու երջանկություն՝ իրենց կյանքում:

Թող Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, խաղաղ ու ապահով շենանա և զորանա հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը»,-ասված է կաթողիկոսի ուղերձում։

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Лента

Рекомендуем посмотреть