«Համացանցում բարությունն անհետանում է»․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պաշտպանել երեխաներին կիբեր-բուլիինգից - RadioVan.fm

Онлайн

«Համացանցում բարությունն անհետանում է»․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պաշտպանել երեխաներին կիբեր-բուլիինգից

2019-02-05 15:44 , Общество, 1292

«Համացանցում բարությունն անհետանում է»․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում պաշտպանել երեխաներին կիբեր-բուլիինգից

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է Հայաստանում համացանցի օգտատեր 15–24 տարեկան երիտասարների առցանց բռնության, կիբեր-բուլիինգի և թվային ոտնձգությունների ենթարկվելու վտանգի մասին և կոչ անում համաձայնեցված գործել կանխարգելելու ու վերջ դնելու երեխաների և երիտասարդների հանդեպ բռնությունը համացանցում:

Անվտանգ համացանցի օրվա այս կոչը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ավելի քան 160 երկրից ավելի քան 1 մլն երիտասարդների մասնակցությամբ իրականացրած հարցումների արդյունքների վրա: Երիտասարդները բովանդակալից պատասխաններ են տվել, թե ինչ պետք է անեն իրենց ծնողները, ուսուցիչները և քաղաքականություն մշակողները երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար: Նրանց կարծիքով բուլիինգը և կիբեր բուլիինգը կանխարգելող ամենահզոր գործիքներից մեկը բարությունն է:

«Մենք լսել ենք աշխարհի տարբեր ծայրերում երեխաներին ու երիտասարդներին և նրանց ասելիքը հստակ է՝ համացանցում բարությունն անհետանում է»,-ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ահա թե ինչու Անվտանգ համացանցի օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլորին կոչ է անում առցանց տիրույթում լինել բարի և համացանցը բոլորի համար անվտանգ դարձնելու ջանք չխնայել»:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում կիբեր բուլիինգի տարածվածության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվայլների համաձայն՝ երեխաների և երիտասարդների 5–21 տոկոսը կիբեր բուլիինգի զոհ է դառնում: Ի դեպ աղջիկների՝ կիբեր բուլիինգի ենթարկվելու հավանականությունն ավելի բարձր է, քան տղաների դեպքում: Աշխարհում 15–24 տարեկան երիտասարդների միջինը 70,6 տոկոսը համացանցի օգտատեր է:

Հայաստանում առցանց բնակչությունը գնալով ավելի է երիտասարդանում. մինչև 15 տարեկան երեխաների 54,1 տոկոսը համացանցի օգտատեր է: Չնայած նրան, որ ավելի մեծ տարիքի երեխաներն ավելի հավանական է, որ ենթարկվեն կիբեր բուլիինգի, ոչ մեկը պաշտպանված չէ վտանգավոր բովանդակությունից, սեռական շահագործումից և թիրախավորված վիրավորանքներից:

Կիբեր բուլիինգը կարող է մեծ վնաս հասցնել, քանի որ կարող է արագ հասնել լայն լսարանի. այն կարող է անորոշ ժամանակով մնալ առցանց կամ «հետևել» իր զոհերին ամբողջ կյանքում: Կիբեր բուլիինգի զոհերը ավելի հակված են ալկոհոլի և թմրանյութերի օգտագործմանը և դպրոցից հաճախ բացակայելուն։ Ավելի հավանական է նաև, որ նրանք վատ գնահատականներ ստանան, ցածր ինքնագնահատական և առողջական խնդիրներ ունենան։ Ծայրահեղ դեպքերում կիբեր բուլինգը նույնիսկ ինքնասպանության է դրդում։

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից և համացանցի ստեղծումից երեսուն տարի անց, վրա է հասել մի ժամանակ, երբ կառավարությունները, ընտանիքները, կրթօջախները և հատկապես մասնավոր հատվածը պետք է երեխաներին և երիտասարդներին դնեն թվային քաղաքականության կենտրոնում»,-ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Պաշտպանելով վատագույնից՝ համացանցը պետք է առաջարկի ու հասանելի դարձնի լավագույնը. մենք յուրաքանչյուրս կարող ենք օգնել ճիշտ հաշվեկշիռ սահմանել այս գործում»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Лента

Рекомендуем посмотреть