Հայկական դիրքերին հարվածներ հասցրած իսրայելական ընկերությունը կվերսկսի անօդաչուների վաճառքն Ադրբեջանին - RadioVan.fm

Онлайн

Հայկական դիրքերին հարվածներ հասցրած իսրայելական ընկերությունը կվերսկսի անօդաչուների վաճառքն Ադրբեջանին

2019-02-05 18:41 , Общество, 1178

Հայկական դիրքերին հարվածներ հասցրած իսրայելական ընկերությունը կվերսկսի անօդաչուների վաճառքն Ադրբեջանին

Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը, որի ներկայացուցիչները Ադրբեջանի պահանջով 2017-ին հարվածել էին Արցախի հայկական դիրքերը, նորից կկարողանա անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին․ The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Orbiter 1K վաճառելու արգելքը այդ ընկերության նկատմամբ:

2017թ. օգոստոսին, հիշեցնենք, իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ նշյալ ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները վաճառքից առաջ ցուցադրել են մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Միջադեպի հետևանքով երեք հայ զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել։ Անցած ամսվա վերջին հաղորդվեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատժամիջոց է կիրառել Aeronautics Defense Systems-ի, մասնավորապես, ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի նկատմամբ։ Նախարարությունը կասեցրել էր նրանց արտահանման լիցենզիաները, ինչը նշանակում էր, որ նրանք չէին կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություն վարել կամ գործարք կնքել:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու արգելքի չեղարկումը արժանացել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի քննադատությանը։ «Իսրայելի իշխանություններն, այսպիսով «կանաչ լույս» են տվել Արցախի բնակչության վրա հարձակումների համար»,-հայտարարել է հանձնախումբը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть