Онлайн

Շտապօգնության մեքենային չզիջես՝ կտուգանվես 20 հազար դրամով

2019-02-08 17:07 , Общество, 1065

Շտապօգնության մեքենային չզիջես՝ կտուգանվես 20 հազար դրամով

Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ 1-03 ծառայությանը հասցեագրված կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար:

«Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են սկսվել առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի փոխանցմամբ՝ առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական՝ ուժեղացնելու պոլիկլինիկա-քրոնիկ հիվանդ կապը: «Եթե 10-15 օր առաջ ունեինք օրական 860-900 կանչ, ապա վերջին շրջանում 700-740 կանչ ենք սպասարկում»,-նշել նա։

«Շտապբուժօգնություն»-ից նշում են, որ անհետաձգելի կանչերին արագ արձագանքումը փոքր-ինչ ուշանում է այն կանչերի պատճառով, որոնք ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Նաև խնդիր է շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ վերաբերմունքն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը:

Երևանի քաղաքապետարանից ընդգծում են՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով:

Վարորդներին հիշեցնում են՝ շտապօգնության մեքենաներին ճանապարհ զիջելը մարդկային կյանք փրկելու գործում Ձեր ներդրումը կլինի:

Հիշեցնենք՝ օրեր առաջ աշխատանքային երկօրյա այցով Բելառուսում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատի ունենալով վերջին շրջանում շտապօգնության մեքենաների վթարման դեպքերը՝ հայտարարել էր, որ հետ վերադառնալուն պես՝ լուրջ հետևություններ է անելու Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть