Онлайн

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրել է Չայկովսկու թիվ 6 և Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները

2019-02-12 03:05 , Культура, Шоу бизнес, 167

Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրել է Չայկովսկու թիվ 6 և Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անգլիական հեղինակավոր Wright music management-ի նախաձեռնությամբ ձայնագրել է Չայկովսկու թիվ 6 («Պաթետիկական») և Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները: Ձայնագրությունը կատարել է շվեդական հայտնի BIS ընկերության հնչյունային ռեժիսոր Յոնս Բրաունը: Երաժշտասեր հասարակայնությունն այս սիմֆոնիաները ունկնդրելու հնարավորություն կունենա փետրվարի 11-ին և 14-ին ծրագրված համերգներին, որոնք տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում:

Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Թոփչյանը:

«Ձայնագրող ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան շատ հատուկ է մեր կատարմամբ, իսկ Խաչատրյանի ստեղծագործությունը հայկական երաժշտարվեստի ամենանշանակալի սիմֆոնիան է: Բարձրակարգ ձայնագրություններ են ստացվել: Սկավառակները պատրաստ կլինեն հունիսի վերջին», - նշեց Թոփչյանը և հավելեց, որ երկու համերգներն էլ կտեսագրվեն իսպանական DAKAPP ընկերության կողմից և խմբագրական աշխատանքից հետո կցուցադրվեն հանրահայտ Medici երաժշտական հեռուստաալիքով, ինչը նվագախմբի համար մեծ պատիվ է:

Նա շեշտեց, որ փետրվարի 11-ին, Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայից բացի, կհնչեն կոմպոզիտորի Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար: «Մեզ հետ հանդես կգա փայլուն թավջութակահարուհի Անաստասիա Կոբեկինան, որը լուրջ ճանապարհ է անցել և բազմաթիվ ձեռքբերումներ ունի, իսկ ամսի 14-ին նա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի հետ կկատարի Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար»,-ներկայացրեց դիրիժորը:

Անդրադառնալով նվագախմբի հետագա ծրագրերին` Թոփչյանը պատմեց, որ իրենք շուտով հանդես կգան բարեգործական համերգով, որի ընթացքում կկատարեն Առնո Բաբաջանյանի գործերը: «Նախատեսում ենք Ջ. Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայի երկու կատարում ներկայացնել: Կլինեն հետաքրքիր բեմադրություններ, բայց Արամ Խաչատրյան դահլիճում»,- ասաց նա ու հավելեց, որ նվագախումբը հյուրախաղերով ելույթներ կունենա Եվրոպայում, Չինաստանում և այլուր:

Лента

Рекомендуем посмотреть