«Նոր սերունդ, նոր անուններ»․ ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հոբելյանին - RadioVan.fm

Онлайн

«Նոր սերունդ, նոր անուններ»․ ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հոբելյանին

2019-02-13 17:10 , Культура, Шоу бизнес, 1119

«Նոր սերունդ, նոր անուններ»․ ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի հոբելյանին

Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղը, ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարները, նրա հեքիաթների հերոսներին պատկերող և այլ թեմաներով 45 կտավ ներկայացված է «Նոր սերունդ, նոր անուններ» վերտառությամբ ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում:

«Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում, որոշեցինք նախաձեռնել այս ցուցահանդեսը: Այն նպատակ ունի հանրահռչակել պատանի նորահայտ նկարիչներին: Ցուցահանդեսի իրականացման համար հայտարարել էինք մրցույթ` նշելով, որ բոլոր պատանի նկարիչները, որոնք ցանկանում են, որ այստեղ ընդգրկվեն իրենց ստեղծագործությունները, կարող են ներկայացնել այնպիսի գործեր, որոնք սիրով կնվիրեին Թումանյանին: Ստացել ենք 40 հայտ, ընտրվել է 27 նկարչի աշխատանք», - պատմեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակականկազմակերպության փոխնախագահ Մարիամ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Թումանյանին նվիրված միջոցառումների շրջանակում «ԱրթԶ»-ն Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, գրքահավաք է կազմակերպելու Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում:

Նկարչուհի Մանու Հարությունյանը, որը երկու կտավ է ներկայացրել ցուցահանդեսին, խոստովանեց, որ դրանցից մեկում պատկերված են իր կոշիկները, իսկ մյուսում` ծաղկեփունջ: «Սա այն փնջերից է, որոնք սովորաբար ստանում եմ ցուցահանդեսներից հետո: Դրանք թոշնելու հատկություն ունեն. փնջերն անմահացնելու, դրանք հիշելու նպատակով անպայման նկարում եմ»,-խոստովանեց նկարչուհին:

Խոսելով ցուցահանդեսի մասին` նա ասաց, որ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործող պետք է օգտագործի ցուցադրվելու և ներկայանալու բոլոր հնարավորությունները:

Արվեստաբան Սաթենիկ Վարդանյանի խոսքով` Հովհաննես Թումանյանը սերունդներին է փոխանցել ապրելու, արարելու, ստեղծագործելու, միմյանց հետ հարաբերվելու, բարու և ճշմարտության ճանապարհով առաջնորդվելու ճանապարհը: Նա շեշտեց, որ ժամանակակից սերնդի ներկայացուցիչների համար ցուցահանդեսը ինքնադրսևորվելու լավ հարթակ է:

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Նկարիչների միության աջակցությամբ:

Այն բաց կլինի մինչև փետրվարի 18-ը:

Лента

Рекомендуем посмотреть