Թումանյանի` «Արվեստը պետք է լինի աչքի նման պարզ և աչքի նման բարդ» նշանավոր մտքի հետևությամբ կարող ենք ասել, որ մեծ գրողի ստեղծագործությունները որքան պարզ և ժողովրդականորեն սիրելի են և բխում են ամեն հայի հոգուց, նույնքան և բարդ են ու պահանջում են գրականագիտական խոր քննություն միջգիտակարգային ուսումնասիրությունների շրջանակում:
Անցնող տասնամյակների ընթացքում Թումանյանի գրական ժառանգությունը, կյանքը և գործունեությունը ենթարկվել են համակողմանի քննության, վեր են հանվել մեծ գրողի ստեղծագործությունների ժողովրդական անանց հմայքի ակունքները, խորը հումանիզմը և դիտարկվել հայ և համաշխարհային գրականության համատեքստում: Այս գործում առանձնակիորեն մեծ է Էդվարդ Ջրբաշյանի ավանդը:
Թումանյանագիտությունը այժմ, կարծում ենք, առավել պետք է ընթանա «տողային» վերլուծության ճանապարհով: Ամբողջական ուսումնասիրությունների կողքին պետք է խորը վերլուծվեն տարբեր տողերը, սյուժետային ընթացքը և առանձին դրվագները, որոնք կօգնեն ավելի խորը ըմբռնելու Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունը:
Նման աշխատանքը թելադրում է Թումանյանի ստեղծագործությունները դիտարկել տարբեր գիտակարգերի տեսանկյունից: Պատմագրական առումով՝ պատմական իրադարձությունների գեղարվեստական արձագանքը Թումանյանի ստեղծագործությունների մեջ, ինչպես նաև բանաստեղծի, որպես մտավորականի գործունեությունը ժամանակի պատմական համատեքստում:
Ազգագրությունը ևս հետազոտությունների երկու ուղղություն է ենթադրում. Թումանյանի ստեղծագործություններում առկա ժողովրդական հավատալիքների, սովորույթների և կենցաղի վերհանումը տեքստաբանական քննությամբ՝ ժամանակի մամուլի ազգագրական նկարագրությունները համեմատելով Թումանյանի երկերի համապատասխան տողերի հետ: Երկրորդ՝ Թումանյանը որպես ազգագրության տեսաբան և ծավալած գործունեությունը ազգագրական աշխատանքների կազմակերպման բնագավառում:
Հոգեբանական տեսանկյունից դեռևս գրողի կենդանության շրջանից քննարկվել են Լոռեցի Սաքոյի և Անուշի խելագարության պատճառները, թե որքանով են դրանք հոգեբանորեն հիմնավորված: Այս հարցի պարզաբանմանը և Թումանյանի կողմից գեղարվեստորեն վերամեկնաբանմանը կօգնի հոգեբանական գիտությունների և ազգագրական սովորույթների համադրական վերլուծությունը, թե ժողովրդական մի շարք սովորույթներ ու հավատալիքներ ինչպես են կանխորոշել գործողությունների հետագա զարգացումը՝ արտահայտվելով հոգեբանական տարբեր գործոնների միջոցով:
Թումանյանի ժողովրդայնությունը մեծապես պայմանավորված է ժողովրդական բանահյուսության, միջնադարյան գրական ստեղծագործությունների, համաշխարհային գրականության թափառական սյուժեների, էպիկական ժառանգության և հեքիաթների գրական մշակումներով:
Բանաստեղծի կենդանության օրոք այս հարցը քննվել է գլխիվայր շրջված, որպես թե սոսկական ընդօրինակություններ հիշյալ ստեղծագործությունների: Այսօր արդեն բնագրային-տողային վերլուծությամբ պետք է ցույց տրվի Թումանյանի ստեղծագործությունների կապը իր օգտագործած նախօրինակների հետ, մշակման այն սկզբունքները, որոնք երկրորդ կյանք ու ժողովրդայնություն են հաղորդել գրական այդ նախօրինակներին:
Թումանյանի մի շարք ստեղծագործությունների և տողերի ծալքերը անըմբռնելի են առանց փիլիսոփայական-աշխարհայացքային քննության, որը վերաբերում է նաև ընդհանրապես քսաներորդ դարի հայ դասական բանաստեղծության ուսումնասիրմանը:
Այս առումով կարևորվում է նաև բանաստեղծի գրական ժառանգության առավել մանրակրկիտ դիտարկումը համաշխարհային գրականության համատեքստում, մի կողմից Թումանյանի՝ տարբեր գրողներից կատարած թարգմանությունները և տարբեր ժողովուրդների գրականությունների ու գրողների մասին հայտնած կարծիքները և երկրորդ՝ գրական մեթոդի հարցերը՝ ժողովրդական ստեղծագործությունների մշակման Պուշկինի և Գյոթեի սկզբունքների կիրառումը:
Թումանյանագիտության բնագավառում մինչև այժմ եղած ուսումնասիրությունների հիման վրա հիշյալ բոլոր աշխատանքները տողային ծանոթագրությունների շրջանակում ներկայացվում են Թումանյանի տասհատորյակի վերահրատարակության մեջ:
Գրականության և արվեստի յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն, չփոխելով իր էությունը, տարբեր ժամանակներում ուղղակիորեն հարաբերվում է տվյալ ժամանակաշրջանի ըմբռնումների հետ և մեկնաբանվում այդ շրջանակում:
Նույնը վերաբերում է նաև Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությանը:
ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտիտնօրենբանասիրական գիտությունների դոկտոր