Онлайн

«Կաթիլ» էթնիկ ռոք խումբը հայկական ավանդական երգերով՝ սեփական մշակմամբ, շնորհավորեց Հովհաննես Թումանյանի հոբելյանը

2019-02-19 22:33 , Культура, Шоу бизнес, 252

«Կաթիլ» էթնիկ ռոք խումբը հայկական ավանդական երգերով՝ սեփական մշակմամբ, շնորհավորեց Հովհաննես Թումանյանի հոբելյանը

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին կազմակերպված միջոցառումների շրջանակում «Կաթիլ» խումբը հանդես եկավ համերգային ծրագրով և հնչեցրեց հայկական ավանդական երաժշտություն` սեփական մշակմամբ:

Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` Երևանի Թումանյանի թանգարանի մատույցներում «Կաթիլ»-ը կատարեց «Լորիկ», «Խամխամա», «Կաքավիկ» և այլ գործեր:

«Թումանյանը հանճարեղ գրող էր: Տարբեր տարիքում նրա ստեղծագործություններն ընթերցելիս բացահայտումներ ես անում, ամեն անգամ զգում ես, որ նա չափազանց խորն է, հարուստ է: Յուրաքանչյուր տարիքում Թումանյանից կարելի է նոր բան քաղել»,-նշեց խմբի կիթառահար, մեներգիչ Սևադա Համբարչյանը:

Անդրադառնալով «Կաթիլ» խմբին` նա ասաց, որ այն ստեղծվել է մեկ տարի առաջ: Խումբը բաղկացած է հինգ երաժշտից: «Հայկական փողային գործիքներ է նվագում Գրիգոր Քարտաշյանը, հայկական հարվածային գործիքների վարպետ է Գրիգոր Դավթյանը, կիթառահարն է Արեգ Սուքիասյանը, իսկ Ռոբերտ Սիմոնյանը` բաս»,-ներկայացրեց Համբարչյանն ու ընդգծեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ելույթ ունենալը:

12-ամյա Մերին, որը մեծ ուշադրությամբ էր հետևում խմբի կատարումներին, խոստովանեց, որ առաջին անգամ է կենդանի կատարումներով համերգի մասնակցում: «Եկել էի միայն թանգարանում շրջելու, բայց նման գեղեցիկ համերգի ականատես դարձա: Շատ ուրախ եմ»,-ասա նա:

Համերգային ծրագիրը կյանքի կոչեց Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանը:

Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:

Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհանեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան: Կիրականացվի նորաձևության շաբաթ:

Лента

Рекомендуем посмотреть