Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կվճարվեն ևս երկու ամիս - RadioVan.fm

Онлайн

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կվճարվեն ևս երկու ամիս

2019-02-20 13:21 , Общество, 1108

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կվճարվեն ևս երկու ամիս

«Վալլեքսը» 2 ամսով հետաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը։

Մինչ այս՝ կառավարության միջամտությամբ երկու ամսով երկարաձգված պայմանագրերը, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ժամկետ էր սահմանվել փետրվարի 28-ը, կերկարաձգվի մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը։

«Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։

Նման որոշումը, ընդգծում են, պայմանավորված է «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։

«Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար»,-ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ նշվում է, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը՝ Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին Երևան Թբիլիսի միջպետական երկաթգիծը, պահանջելով վերագործարկել պղնձաձուլարանը՝ ինչպես որ խոստացել են սեփականատերն ու կառավարության պատասխանատուները:

Նշենք, որ գործարանը, ինչպես և Թեղուտի հանքավայրը «Վալլեքս»-ի ունեցած ավելի քան 300 միլիոն դոլար պարտքի դիմաց գրավադրված է ՎՏԲ բանկում։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն ավելի քան 600 աշխատող ունի, դադարեցրել է աշխատանքը նախորդ տարվա հոկտեմբերի 19-ից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть