«Սամվել Ալեքսանյանի ընկերություններում կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել»․ ՀՅԴ - RadioVan.fm

Онлайн

«Սամվել Ալեքսանյանի ընկերություններում կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել»․ ՀՅԴ

2019-02-21 15:42 , Экономика, финансы, 2312

«Սամվել Ալեքսանյանի ընկերություններում կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել»․ ՀՅԴ

Հայ Յեղափոխական դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նոր վերլուծություն է հրապարակել, որի արդյունքում նշվում է, որ 2018 թվականի ընթացքում գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունների կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել:

ՀՅԴ Բյուրոյի վերլուծություն-հիմնավորումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Տարիներ շարունակ գործել է Ալեքս Հոլդինգը, որը զբաղվել է մի քանի տարբեր գործունեություններով` սուպերմարկետների ցանց, ալրաղաց, առաջին անհրաժեշտության ապրանքների (ալյուր, ձեթ, կարագ և այլն), պարարտանյութի ներմուծում, մեծածախ առևտուր և այլն: Ընկերությունն իր մեջ ընդգրկում է ներմուծում-արտադրություն-մեծածախ-մանրածախ ամբողջական շղթան, ինչի հետևանքով առաջացնում է անհավասար մրցակցային միջավայր. փոքր և միջին բիզնեսը՝ մեծածախ և մանրածախ շուկայից դուրս է մղվում: Բացի այդ, այս իրավիճակը հնարավորություն է տալիս ներմուծողներին, որպեսզի օրինականացնեն («մաքրեն») իրենց ստվերային մեծածախ վաճառքը՝ սեփական խանութներով իրացում ցույց տալու միջոցով։

2018 թվականին Ալեքս Հոլդինգ ընկերությունից թվով 7 կազմակերպություններ են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է մեկ հստակ գործունեությամբ. օրինակ ալրաղացը սկսել է գործել Բաղրամյան ՍՊԸ-ի տակ: Որպեսզի գնահատենք Ալեքս հոլդինգի հարկային վճարումների դինամիկան 2017-2018 թվականների ընթացքում, ապա պետք է վերցնենք 2017 թվականի Ալեքս Հոլդինգի կատարած վճարումները և համեմատենք 2018թվականի այդ 8 ընկերությունների (Ալեքս հոլդինգ+7) կատարած վճարումների հետ, քանի որ այս 8 ընկերությունները իրականացրել են այն նույն գործունեությունները, որոնք նախորդ տարի` 2017 թվականին Ալեքս հոլդինգը իրականացրել է միայնակ: Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը, որ 2017 թվականին Ալեքս հոլդինգը միայնակ վճարել է 21.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ արդեն 2018 թվականին 8 ընկերությունները (Ալեքս հոլդինգ+7) բյուջե են վճարվել 22.9 մլրդ ՀՀ դրամ: Առաջին հայացքից թվում է, որ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները ավելացրել են իրենց վճարած հարկերը 1.4 մլրդ (22.9-21.5) ՀՀ դրամով, բայցիրականում այդքան այդպես չէ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտ ամսին՝ ժողովրդական շարժումից առաջ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում» թեմայով թիվ 4 վերլուծությունը, ըստ որի՝ Հայաստանի խոշոր սուպերմարկետներում մսի, մրգի և բանջարեղենի իրացումը հիմնականում կազմակերպվում է իրենց տարածքում գրանցված անհատ ձեռնարկատերի և/կամ փոքր ընկերությունների միջոցով, ինչը թույլ է տալիս նրանց ապահովել մրցունակ գներ նաև այդ ապրանքների դեպքում: Այսինքն՝ մսի, մրգի և բանջարեղենի դեպքում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ չեն վճարում (Տե՛ս էջ 13): Արդեն հունիս ամսին ՀՀ ԱԱԾ-ի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում՝ արձանագրվել է, որ Ալեքս Հոլդինգը իր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում գյուղմթերքի և այլ ապրանքների իրացումը իրականացրել է

461 ԱՁ-ների միջոցով, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 40 մլրդ ՀՀ դրամ: Այս ԱՁ-ները, 20 տոկոս ավելացված արժեքի հարկի փոխարեն, վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ, ինչի արդյունքում պետական բյուջե քիչ էր վճարվել մոտ 8 մլրդ ՀՀ դրամը:

Փաստացի ունենք հետևյալ իրավիճակը, որ 2017 թվականի Ալեքս Հոլդինգի իրացման մեջ ներառված չի եղել գյուղմթերքի և այլ ապրանքների շրջանառությունը, իսկ արդեն 2018 թվականի 8 ընկերությունների (Ալեքս Հոլդինգի+7) իրացման մեջ ներառվել է նաև գյուղմթերքի և այլ ապրանքների շրջանառությունը (մոտ 40 մլրդ ՀՀ դրամ), սակայն 2018-ին 2017 թվականի համեմատ ավել է վճարվել ընդամենը 1.4 մլրդ ՀՀ դրամ:

Այսպիսով՝ 2018 թվականի ընթացքում Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունների կամ ստվերն է ավելացել, կամ գործերն են վատացել: ՀՀ կառավարությունը պետք է շարունակաբար իրականացնի և հրապարակի առանձին ուղղություններով ստվերային ռիսկերի վերլուծություններ, ինչը թույլ կտա գնահատել տնտեսական իրական ներուժը և անհարկի չբարձրացնել անուղղակի հարկերի դրույքաչափերը՝ նպաստելով գների աճին»:

Лента

Рекомендуем посмотреть