«Բարեկամությունից» «Աջափնյակ». մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին - RadioVan.fm

Онлайн

«Բարեկամությունից» «Աջափնյակ». մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին

2019-02-25 12:58 , Экономика, финансы, 2425

«Բարեկամությունից» «Աջափնյակ». մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին

Երևանի մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ։ Այդ մասին հայտարարում են Երևանի քաղաքապետարանից։

Գործարար Արսեն Իսկանդարյանը, որը Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից է և ժամանակին մասնակցել է մետրոյի շինարարությանը, 40 տարի անց ցանկություն է հայտնել շարունակել այդ գործը։

Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:

«Օրինակ, կամրջի Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առևտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»,- ասում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարևանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է: Այստեղ մենք ունենք վթարային շենքեր, և դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանային ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշում է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ում խոսքով իրենց բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր աժեքներ քաղաքում և նոր ենթակառուցվածքներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ համայնք-մասնավոր հատված համագործակցության այս օրինակներն արդեն իսկ սկսել են հետաքրքրել ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը:

««Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:

Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:

Երկար ժամանակ ցանկանալուց ու տևական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգ երթևեկը»,-ընդգծում են քաղաքապետարանից:

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:

Лента

Рекомендуем посмотреть