«Մալադեց չծառայողներին»․ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում - RadioVan.fm

Онлайн

«Մալադեց չծառայողներին»․ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում

2019-02-25 18:09 , Политика, 1389

«Մալադեց չծառայողներին»․ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել և հաստատել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորն առաջարկում է մեկ տարով երկարացնել ու մինչև 2018-ի վերջ 27 տարին լրացած անձանց ևս հնարավորություն տալ վերադառնալ Հայաստան, սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվել քրեական հետապնդումից։

«Էս հարցին վերջնական լուծում է պետք տալ։ Ամեն տարի սենց փոխում ենք ժամկետները ու փող վերցնելով ասում ենք՝ մալադեց չծառայելու համար»,-նախագծի քննարկմանն ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ նկատելով, որ ամեն տարի արվող փոփոխություններով «ասում ենք՝ «մալադեց չծառայողներին»»։

Ի պատասխան՝ Գորգիսյանը տեղեկացրել է, որ այդ հարցի մասին խոսել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որն ասել է, թե պատրաստվում են հարցին համակարգային լուծում տալ, որը ուշանում է։

Նշենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» 2003թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ մտած օրենքից հետո Հայաստանում սահմանված կարգով վճարում կատարելով քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի: Նշված ժամանակահատվածում ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 11 մլրդ 81մլն 46 հազ ՀՀ դրամ, որն ուղղվում է ռազմական կարիքների բավարարմանը՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ զինապարտությունից խուսափելու համար հետախուզման մեջ է 27-35 տարեկան 3225 երիտասարդ։

35 տարեկանից հետո քրեական հետախուզումն ըստ օրենքի՝ դադարեցվում է։

Лента

Рекомендуем посмотреть