«Մաեստրո Մանսուրյան». «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան - RadioVan.fm

Онлайн

«Մաեստրո Մանսուրյան». «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

2019-03-04 20:50 , Культура, Шоу бизнес, 1563

«Մաեստրո Մանսուրյան». «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի շրջանակում ներկայացվում է ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմը: Պրեմիերան նախատեսված է մարտի 5-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Պրեմիերային ընդառաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը նշեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են հինգ տարի:

«Ֆիլմի տևողությունը 52 րոպե է, այս ժամանակահատվածում փորձել ենք տեղավորել այն ամենը, ինչ մաեստրոն ստեղծել ու ստեղծում է, ինչը բավական դժվար էր: Իմ կարծիքով, ֆիլմը ստացվել է: Մի քանի տարբերակներ էին սկզբում մշակվում, հետագայում մաեստրոյի ուղղորդմամբ կանգ առանք այն տարբերակի վրա, որ ֆիլմը պետք է կառուցված լինի ոչ թե կենսագրական դիմանկարի վրա, այլ ներկայացվեն նրա՝ ավելի վաղ և վերջին շրջանում գրված ստեղծագործությունները», - ասաց Հայկ Մկրտչյանը: Ֆիլմում նկարահանել ենք բազմաթիվ երաժիշտների, որոնք աշխատել և աշխատում են մաեստրոյի հետ:

Տիգրան Մանսուրյանն արդեն առիթ ունեցել է դիտել ֆիլմը: Նա նշեց, որ ցանկացել է ֆիլմում լինեն ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի իր ընկերները:

«Անշուշտ, պետք է հուշեի, թե ովքեր են Եվրոպայից ու ԱՄՆ-ից իմ ընկերները: Նրանցից ոմանք ներառված են ֆիլմում: Պետք է ասեմ, որ նկարահանող խումբը հսկայական աշխատանք է կատարել նրանց ֆիլմում ընդգրկելու համար, որովհետև դա շատ բարդ գործ է: Երաժիշտներն անվերջ ճամփորդում են, գերհագեցած օրակարգով են ապրում: Կինոնկարի աշխատանքային խմբի ունեցած միջազգային կապերը բավական օգտակար եղան», - ասաց Տիգրան Մանսուրյանը:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքով, սա շատ լավ առիթ է ևս մեկ անգամ շնորհավորելու Տիգրան Մանսուրյանին:

«Մաեստրոյի կյանքին, մտքերին, ստեղծագործություններին նվիրված ֆիլմն իրենից արժեք է ներկայացնում: Ինչ խոսք, մաեստրոն բացառիկ է, արվեստի մեջ ունի իր հաստատած չափանիշները, նրա արվեստը սնող ակունքներն անծայրածիր են: Մշակույթի նախարարությունն ուրախ և հպարտ է իր մասնակցության բաժինն ունենալու մաեստրոյին նվիրված միջոցառումներում», - ասաց Նազենի Ղարիբյանը:

Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Օրդյանը նշեց, որ նկարահանման աշխատանքներում նպատակ էր դրված այնպես անել, որ այն լինի նոր խոսք մաեստրոյի մասին:

«Ֆիլմի նկարահանման ժամանակ բազմաթիվ հետաքրքրիր, բացառիկ արխիվային տեսանյութեր են ձեռք բերվել համաշխարհային հեռուստատեսային, փառատոնային ընկերություններից: Մենք ցանկացանք այնպես անել, որ հանդիսատեսի համար Մանսուրյանը բացահայտում լինի ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մշակութային կյանքում», - ասաց նա՝ ընդգծելով, որ փորձ է արվել մաեստրոյին ներկայացնել աշխարհի տարածությունից:

«Մշար» մշակութային կենտրոնի նախագահ, ֆիլմի սցենարի հեղինակ Ալինա Օրդյանը տեղեկացրեց, որ այս նախագիծն իրենց առաջին նախագծերից է:

«Եկավ մի պահ, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները դադարեցին զուտ ֆինանսական խնդիրների պատճառով: Մեծ ցանկություն ունեինք մաեստրոյի 80-ամյակին այն ավարտին հասցնելու: Մենք դիմեցինք Մշակույթի նախարարությանը, ներկայացրեցինք արդեն ունեցած նկարահանումները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը, Նազենի Ղարիբյանին, ով անմիջապես արձագանքեց, հասկացավ մեր նպատակները, և եղավ աջակցություն: Պետք է ընդգծեմ, որ, ընդհանրապես, նկարահանումների ընթացքում մաեստրոյի անուն ազգանունը շատ դռներ էր բացում»,-ասաց Ալինա Օրդյանը:

Ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել գերմանական հեռուստաալիքներից մեկը, որի հետ ներկայում բանակցություններ են վարվում: Այնտեղ ցուցադրվելուց հետո այն կներկայացվի Հայաստանի ավելի լայն շրջանակին:

Лента

Рекомендуем посмотреть