Մանկապարտեզում երեքամյա երեխայի սրտի կանգ է գրանցվել․կատարվում է նախաքննություն - RadioVan.fm

Онлайн

Մանկապարտեզում երեքամյա երեխայի սրտի կանգ է գրանցվել․կատարվում է նախաքննություն

2019-03-06 13:09 , Общество, 1317

Մանկապարտեզում երեքամյա երեխայի սրտի կանգ է գրանցվել․կատարվում է նախաքննություն

Արբակիր վարչական շրջանում գտնվող մանկապարտեզներից մեկում երեքամյա երեխայի սրտի կանգն է գրանցվել․ մանկապարտեզից Արաբկիր ԲԿ տեղափոխված երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու դեպքի հանգամանքները։

«2019 թվականի մարտի 4-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք սրտի կանգնով տեղափոխվել է Երևան քաղաքի՝ 2015 թվականին ծնված բնակիչ։

Նախնական տվյալներով՝ նույնը օրը 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, մի քանի րոպե անց սկսել է խռխռալ և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել»,-նշում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով, որը նույն օրը վարույթ է ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նշենք՝ հոդված 279-ի՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը,

Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքները՝

1) կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ,

2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть