«Ստեղծագործելիս լսում եմ բնության ձայնը». Երևանում բացվեց նկարիչ Մհեր Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսը - RadioVan.fm

Онлайн

«Ստեղծագործելիս լսում եմ բնության ձայնը». Երևանում բացվեց նկարիչ Մհեր Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսը

2019-03-14 18:06 , Культура, Шоу бизнес, 1328

«Ստեղծագործելիս լսում եմ բնության ձայնը». Երևանում բացվեց նկարիչ Մհեր Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսը

Հայկական լեռնաշխարհն իր ամբողջ գեղեցկությամբ ու հարստությամբ պատկերված է գեղանկարիչ Մհեր Հարությունյանի «Հայրենի բնօրրան» խորագրով ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 14-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:

«Քսան տարի առաջ Մհերը սովորում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Դեռ այդ ժամանակ տեսնում էի, որ նրա ներքին աշխարհը շատ հարուստ է, նա շատ զգայուն է: Մհերը բերում էր իր էսքիզները, որոնք դիտելիս հարց էր առաջանում, թե նա ի՞նչ գրքեր է ընթերցում, ի՞նչ կա նրա մտքում: Նա շատ յուրօրինակ կոմպոզիցիաներ էր ներկայացնում, որոնք նման չէին այլ նկարիչների գործերին: Կարծում եմ` Մհերը կարող էր նաև հետաքրքիր կոմպոզիտոր դառնալ», - նշեց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը:

Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը, դիտելով կտավները ասաց, որ այդպես կարող է նկարել միայն նա, ով այդ բնության մի մասնիկն է, ով պատկերված վայրերում եղել է, ում մանկությունն ու պատանեկությունն են անցել այդտեղ: «Այս կտավներում պատկերված են հայրենիքն ու սերը նրա հանդեպ», - ընդգծեց Խալաթյանը` շնորհավորելով Հարությունյանին:

«Ստեղծագործելիս լսում եմ բնության ձայնը: Իմ բնանկարները ռեալիստական են. ինձ համար շատ կարևոր է բացել աչքերս, նայել բնությանը, ոչ թե փակվել սենյակում ու հորինել ինչ-որ պատկերներ, բնություն, որը կարող էր լինել», - շեշտեց Մհեր Հարությունյանը:

Նա ընդգծեց` նկարիչը պետք է ստեղծի արժեք, որն անհրաժեշտ լինի ապագա սերունդներին:

Ցուցահանդեսում ներկայացված է 23 աշխատանք: Այն բաց կլինի մինչև մարտի 19-ը:

Лента

Рекомендуем посмотреть