Համանման ուտեստների փառատոն՝ Հայաստանում․ ներկայացվելու են հայկական և վրացական խոհանոցների յուրահատկությունները - RadioVan.fm

Онлайн

Համանման ուտեստների փառատոն՝ Հայաստանում․ ներկայացվելու են հայկական և վրացական խոհանոցների յուրահատկությունները

2019-03-14 18:09 , Общество, 1516

Համանման ուտեստների փառատոն՝ Հայաստանում․ ներկայացվելու են հայկական և վրացական  խոհանոցների յուրահատկությունները

Հայկական և վրացական ուտեստների նմանություններն ու առանձնահատկությունները մատնանշելու նպատակով աշնանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել համանման ուտեստների փառատոն: Նախնական տվյալներով` փառատոնին կարող են մասնակցել երկու երկրների ոչ միայն պրոֆեսիոնալ խոհարարներ, այլև ուսանողներ:

Այս մասին մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Մենք ցանկանում ենք, որ երկու երկրների ուտեստների միջև եղած նմանությունները մեզ միավորեն: Ունենք մի շարք համատեղ ծրագրեր. նախատեսում ենք ուսումնական հաստատությունների փորձի փոխանակություն կազմակերպել, ինչը շատ կարևոր է, քանի որ խոհարարությունը մշտապես զարգանում է, և պետք է հետևել այդ զարգացումներին», - նշեց Մամուլյանը:

Նրա խոսքով` փառատոնն առաջին անգամ կկազմակերպվի Հայաստանում, հետո` Վրաստանում: «Հետագայում գուցե փառատոնում ներգրավվեն այլ երկրներ, և այն վերածվի խոհարարական դիվանագիտության հարթակի», - շեշտեց հասարակական կազմակերպության նախագահը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով, վերոնշյալ նախաձեռնությունն անհրաժեշտ է: «Միասին մենք ամուր ենք: Հարևաններ ենք, եղբայրներ և պետք է միավորենք մեր ուժերը, մեր պոտենցիալը համաշխարհային զբոսաշրջային շուկայում ավելի մրցունակ լինելու համար: Խոհանոցը մշակույթի կարևոր բաղադրիչ է. մեր երկու ժողովուրդներն ունեն համեղ, բազմատեսակ խոհանոց, որով հպարտանում ենք և պետք է օգտագործել այն», - ընդգծեց Ապրեսյանը:

Վրաստանի խոհարարների ֆեդերացիայի փոխնախագահ Մանուել Ֆաունդեզ Բարանդան ողջունեց նախաձեռնությունը և ասաց` շատ կցանկանար, որ իրականացվող նախագծում, պրոֆեսիոնալ խոհարարներից բացի, մասնակցություն ունենան նաև երկու երկրների ուսանողները:

Սեդրակ Մամուլյանը համաձայնեց նրա հետ՝ նշելով, որ փառատոնի շրջանակում հնարավոր է նաև մրցույթ անցկացնել:

Лента

Рекомендуем посмотреть