Շվեդիայում ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության հուշարձան կկանգնեցվի - RadioVan.fm

Онлайн

Շվեդիայում ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության հուշարձան կկանգնեցվի

2019-03-19 09:54 , Общество, 1266

Շվեդիայում ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության հուշարձան կկանգնեցվի

Շվեդիայի Վեստերոս քաղաքում 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի, գրում է ermenihaber-ը։

Հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող որոշումներ կայացնել արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների խմբակցությունները համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ իրենք ցանկանում են, որ հուշարձանը տեղադրվի, սակայն օրենքով քաղաքապետարանը չի կարող տարածք հատկացնել հուշարձանի համար: Վերջիններս հայտարարել էին, որ հարցը կարող է լուծվել այն դեպքում, եթե որևէ կազմակերպություն կամ անհատ իր սեփական տարածքը հատկացնի հուշարձանի տեղադրման համար: Այս հայտարարությանն առաջինը արձագանքել է եկեղեցին:

Վեստերոսի եպիսկոպոս Միքաել Մորգանը և Եկեղեցու խորհրդի նախագահ Յորգեն Էքլանդը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ եկեղեցին պատրաստ է իրեն պատկանող հողատարածքներից տարածք տրամադրել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի համար:

Նշենք, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը կանգնեցվել էր 2015-ի մայիսին: Օրեբրո քաղաքում կանգնեցված հուշարձանի վրա հայերեն, արամեերեն, հունարեն և շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։

Եվս մեկ հուշարձան (խաչքար) էլ կանգնեցվել է 2016-ին Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում:

Лента

Рекомендуем посмотреть