Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի առնչությամբմտահոգություն է հայտնում «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան, որն իր մեջ ընդգրկում է առողջապահական ոլորտը կարգավորող 15 հասարակական կազմակերպություններ։
Կոալիցիայինախագահ Գևորգ Գրիգորյանը խնդրով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով դիմում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու, խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով։
Դիմումում նշված է.
«Համացանցում հայտնվել են հրապարակումներ և տեսանյութեր, որոնց համաձայն Առողջապահության նախարարը 2019 թվականի հունվարի 29-ին ստորագրել է մի հրաման, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը պետք է կիրառվի 14-45 տարեկան անձանց շրջանում։
2016 թվականի մարտի 17–ին կառավարության որոշմամբ ընդունվել է 2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, ըստ որի «Գարդասիլ-4» պատվաստանյութը ծրագրված է պատվաստել միայն 13 տարեկան աղջիկներին:
Ըստ FDA-ի վերջին հրապարակման (թարմացվել է 02/05/2018) Գարդասիլ-4-ը ցուցված է 9-26 տարեկան անձանց:
Նշեմ, որ 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հոկտեմբերին, իսկ այդ խմբաքանակն ամբողջությամբ չի իրացվել։ Սակայն, ի պատասխան մեր հարցմանը ԱՆ-ն նշել է, որ 2019 թվականին գնելու է «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ` յուրաքանչյուր սրվակը 4,5$-ով (շուկայական արժեքը մոտ 100$):
Խնդրահարույց են նաև նախկինում հայտարարված սքրինինգային ծրագրերի կատարման թերացումները, որոնք բերել են ՀՀ-ում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի հաճախության ավելացման։
Հաշվի առնելով «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման նկատմամբ հանրային դժգոհությունը և բժշկական մասնագիտական ոչ միանշանակ վերաբերմունքը, 2017-2018թթ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից նվիրաբերած խմբաքանակի քչաթիվ կիրառումը, բժիշկների, իրավաբանների, հետաքննող լրագրողների և ծնողների կողմից բարձրաձայնվող խնդիրները, բազմաթիվ անհամապատասխանությունները նախարարի հրամանի և «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր բնութագրի միջև, հարցի կարևորությունը և հանրային հնչեղությունը՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 88-րդ, 113-րդ հոդվածներով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածով, խնդրում ենք հրավիրել խորհրդարանական լսումներ` խնդիրը համակողմանի քննարկելու և լուծումներ տալու նպատակով»։
ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ազգային օրացույցում ներդրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից։ Պատվաստումն իրականացվում է 2004-ի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկների շրջանում, որոնց թիվը կազմում է շուրջ 16 հազար։ «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով պատվասումն իրականացվում է երկու դեղաչափ՝ վեց ամիս ինտերվալով։ Պատվաստում իրականացվում է տեղամասային պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով, անվճար։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը