Օգոստոսին Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը - RadioVan.fm

Онлайн

Օգոստոսին Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը

2019-03-25 21:03 , Культура, Шоу бизнес, 1141

Օգոստոսին Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հեռանկարում թատերասերներին կներկայանա «Պիեռոյի երազը» նոր բեմադրությամբ, իսկ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը:

Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը:


«Ներկայացման գաղափարի մասին խոսել եմ տարիներ առաջ: Միտքն առաջացել էր 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերից հետո: Գլխավոր հերոսը` Պիեռոն, ակտիվիստ է: Հետաքրքիր են նաև լրագրողի, ոստիկանի, երիտասարդ ինքնասիրահարված աղջնակի կերպարները: Ժամանակակից կոմիկական, լիրիկական կատակերգություն պետք է լինի: Երաժշտությունը գրում է Արամոն, գործիքավորելու է Մադաթ Ավանեսովը», - ներկայացրեց Դադասյանը:

Նա ընդգծեց, որ ներկայացման և փառատոնի իրականացման համար մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության դրամաշնորհային մրցույթին: «Ստացել ենք դրամաշնորհները: Փառատոնի համար տրամադրվել է 16 մլն դրամ, իսկ բեմադրության համար`6 մլն 700 000 դրամ: Ներկայացումը կյանքի կոչելու համար գումարը բավարար է, բայց փառատոնի համար` ոչ: Համագործակցության առաջարկով դիմում եմ մեր պոտենցիալ հովանավորներին. փառատոնի շրջանակում իրականացվող շատ լավ ծրագրեր ունենք, և եթե լինեն ցանկացողներ, սիրով կհամագործակցենք տարբեր կազմակերպությունների հետ», - շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Դադասյանը հիշեցրեց, որ նախկինում փառատոնը երկու տարին մեկ էր անցկացվում, այնուհետև դարձավ ամենամյա: «Այժմ կրկին երկու տարին մեկ պետք է անցկացվի: Հնարավոր է` երկու տարի հետո դիմենք դրամաշնորհի համար ու չստանանք այն»,-ասաց նա:

Անդրադառնալով թատրոնի 45-ամյակին, որը նշվում է այս տարի, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ նախատեսում էին այն տոնել թատրոնի նոր շենքում, բայց նախորդ տարի երկրում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում բազմաթիվ ծրագրեր փոխվեցին: «Մեզ առաջարկեցին թատրոնի համար նոր տարածք Մոսկովյան, 5 հասցեում գտնվող շենքում, որը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Շենքը շատ հարմար է գործունեություն ծավալելու համար, եթե այնտեղ համապատասխան վերակառուցում իրականացվի` բեմ կառուցվի, դահլիճ և այլն: Մինչ օրս թղթարարության հարցեր կան, դեռ քննարկումներ են ընթանում», - նշեց Դադասյանը:

Նրա խոսքով` դպրոցականներին մնջախաղի ժանրը ավելի սիրելի դարձնելու նպատակով թատրոնը համագործակցում է դպրոցների հետ:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի քանի դպրոցի հետ: Իրականացնում ենք ցերեկային ներկայացումներ: Մինչ բեմադրության սկիզբը պատմում ենք մնջախաղի ժանրի, թատրոնի ազգային արմատների մասին: Մնջախաղը և տիկնիկայինը հայկական ազգային թատերական ժանրեր են»,- ընդգծեց Դադասյանը:

Лента

Рекомендуем посмотреть